ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Рубрика конференции: Секция 17. Филологические науки
DOI статьи: 10.32743/25878603.20225.113.335244
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ / Ս.Ա. Հարությունյան // Инновационные подходы в современной науке: сб. ст. по материалам CXIII Международной научно-практической конференции «Инновационные подходы в современной науке». – № 5(113). – М., Изд. «Интернаука», 2022. DOI:10.32743/25878603.20225.113.335244

ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

ՎԵՐԱՑԱԿԱՆ

 Սույն հոդվածի նպատակը միակազմ նախադասությունների  ուսումնասիրությունն է  Արամաշոտ Պապայանի պիեսներում։ Ներկայացվում են միակազմ նախադասությունների դրսևորման ձևերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

 

Բանալի բառեր: Արամաշոտ Պապայան, միակազմ նախադասություն, անվանական նախադասություն, ընդհանրական միակազմ նախադասություն, բառ-նախադասություն, հնչերանգ։

 

Հայտնի է, որ միակազմ նախադասությունները միակենտրոն են, գլխավոր անդամներից որևէ մեկը բացակայում է՝ ենթական կամ ստորոգյալը կամ էլ երկուսը միասին: Համապատասխան հնչերանգի միջոցով տեղի է ունենում հաղորդակցումը:

«Միակազմ նախադասությունը բառ է կամ բառերի կապակցություն, որը հատուկ ստորոգման հնչերանգով բարձրանում է նախադասության մակարդակի և դառնում է խոսքի միավոր», - գրում է Պ. Պողոսյանը [2. էջ 351]:

Արամաշոտ Պապայանը վարպետորեն է օգտվել այդ կառուցվածքի նախադասությունների ոճական հնարավորություններից: Նրա պիեսների գրեթե բոլոր էջերում հանդիպում ենք մի քանի տասնյակ նմանատիպ նախադասությունների: Իր պիեսներում նա օգտագործել է համառոտ, ընդարձակ, պարզ միակազմ և բարդ միակազմ նախադասություններ։ Բերենք բնագրային օրինակներ.

Ա. Համառոտ.

Հրապարակ (ՄՀ, էջ 3): Կրակոց (ՀՄՇ, էջ 605): 

Բ. Ընդարձակ.

Ընդհանուր իրարանցում (ԳՄԱՍ, էջ 572):

Ընդհանուր ծիծաղ (ԽՊ, էջ 131):

Կենդանի պատկեր (ՀՀՆԾ, էջ 251):

Երեք կարճ զնգոց (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 264):

Գ. Պարզ միակազմ

Հյուրասենյակ ճաշակով կահավորված (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 307):

Դ. Բարդ միակազմ.

Դիմացը դեղնավուն տուֆից սյունազարդ, գեղեցիկ պատշգամբով առանձնատուն, աջ ու ձախ կողմերում աստիճաններ (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 275):

Բազմաթիվ են միակազմ նախադասությունների ոճական հնարավորությունները. դրանք խոսքը դարձնում են ավելի կարճ ու դիպուկ:

Այս կարգի ու կառուցվածքի նախադասությունները դրամատիկական ստեղծագործություններում հաճախ նպաստում են շրջապատի, իրավիճակի նկարագրությանը իբրև նախապատրաստություն, որը կոչվում է ռեմարկ:

Արամաշոտ Պապայանը չի գրում. «Բեմի վրա ներկայացված է Գուրգեն Բագրատյանի բնակարանը», այլ կարճ ասում է «Գուրգեն Բագրատյանի բնակարանը»: Կամ չի գրում. «Հանդիսատեսի առջև ներկայացված է ընդարձակ մի սենյակ, որտեղ աջ կողմում ննջարանն է, իսկ ձախ կողմում կա երկու դուռ», այլ կարճ ասում է. «Ընդարձակ սենյակ, դեպի աջ՝ ննջարան, դեպի ձախ՝ երկու դուռ»:

Արամաշոտ Պապայանը իր պիեսներում գործածել է գոյականով արտահայտված միակազմ նախադասություններ, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ ու անմիջական: Այդպիսի նախադասությունների գործածությունն այն տպավորությունն է ստեղծում, որ կարծես ամեն ինչ կատարվում է աչքի առջև: Բերենք բնագրային օրինակներ.   

Նույն բնակարանը (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 268): 

Պետի ընդունարանը (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 296):

Առավոտ է (Եվ, էջ 114):

Երեկո է (Եվ, էջ 93):

Կեսօր է (ՄՀ, էջ 55):

Միակազմ նախադասությունների համակարգում ոճական բազմաթիվ կիրառություններով առանձնանում են կամային-հոգեկան վերաբերմունք արտահայտող անվանական նախադասությունները: Այդպիսի նախադասությունները ձևավորվում են խոսքային որոշակի իրավիճակներում և բնորոշ են խոսակցական լեզվին, քանի որ հոգեկան լարված, հուզված իրավիճակներում խոսողը անմիջապես չի կարող ձևավորել իր միտքը կանոնավոր կառուցվածքով, տրամաբանական կապակցությամբ, դրա համար էլ նախընտրում է տվյալ իրավիճակում միտքն արտահայտել հիմնական գերադաս բառով, համապատասխան դիմախաղով, ձայնային ելևէջներով և հնչերանգով: Բերենք մի բնագրային օրինակ.

Մարտիկյան. - (դժվարությամբ շնչելով) ջու՜ր… [ՀՄՇ, էջ 579]

Այս օրինակում «ջու՛ր…» արտահայտությունը ներկայացնում է տվյալ իրավիճակում տվյալ պահի իրադրությունը առանց երկարաբանության: Միակազմ նախադասությունների մի տարատեսակ էլ ընդհանրական միակազմ նախադասություններն են, որոնցով նույնպես հարուստ է Արամաշոտ Պապայանի պիեսների լեզուն: Այս նախադասություններում ստորոգյալներն արտահայտված են խոնարհված բայով, ունեն դեմք, թիվ, եղանակ, ժամանակ, բայց ենթական բացակայում է: Դատելով անվանումից՝ այսպիսի նախադասություններում խոսքը վերաբերում է ոչ թե մեկին, այլ ընդհանուրին: Այս տիպի նախադասություններով մեծ մասամբ արտահայտում են խորհուրդներ, խրատներ, առաջարկություններ:

Ընդհանրական միակազմ նախադասությունների ստորոգյալները մեծ մասամբ արտահայտվում են բայի հոգնակի թվի երկրորդ դեմքով: Բերենք բնագրային օրինակներ.

Տարոն. - Եթե աշխարհ եք գալիս, արև դարձեք, ջերմացրեք մարդուն: Այլապես, թող չծնվի նա, ով այս գեղեցիկ աշխարհը պիտի այլանդակի: Մա´րդ ծնվեք և մա´րդ մեռեք (ԳՄԱՍ, էջ 574):

Գուրգեն. - Ծնկեք, քծնեք, շողոքորթեք (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 316):

Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է այնպիսի անվանական նախադասություններ, որոնցով կազմվում են նաև ողջույնի, մաղթանքի, անեծքի խոսքեր, որովհետև դրանք ստանում են հուզական մեծ լիցքավորում: Բերենք օրինակներ.

Արմեն. - Տարոսը ձեզ (ԵՎ, էջ 113)։

Անուշ. - Մեղա քեզ, տեր (ԵՎ, էջ 113):

Շավարշ. - Քո ազիզ արևը՝ կատակ չեմ անում (ՄՀ, էջ 64):

Ընդհանրական միակազմ նարադասությունների խմբին են պատկանում նաև «մարդ» գերադաս բառով կազմված նախադասությունները, որտեղ «մարդ» բառը ունի անորոշ, ձևական իմաստ։ Այդպիսի նախադասություններ նույնպես կան Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Տարոն. - Աշխարհը հավերժ, մարդն անցողական: Մարդ ծնվում ես, բայց միշտ չէ, որ մարդ ես մեռնում: Աշխարհը գեղեցկացնողն էլ, այլանդակողն էլ մարդն է (ԳՄԱՍ, էջ 543):

Միակազմ նախադասությունների մի տեսակն էլ բառ-նախադասություններն են, որոնք հիմնականում արտահայտվում են պատասխանական բառերով կամ վերաբերականներով և նպաստում են խոսքի սեղմությանն ու հակիրճությանը: Դրանք արտահայտում են հաստատում և ժխտում ու կարող են երկխոսությունների մեջ գործածվել ոչ միայն նախադասության անդամի կապակցության, այլև ցանկացած մտքերի կապակցությունների փոխարեն: «Այս իմաստով, - նշում է Պ. Պողոսյանը, - այո (հա) և ոչ (չէ) բառերը  խոսքի մեջ ունեցած իրենց իրադրական բնույթով նման են դերանունների, քանի որ ամեն մի ցանկացած պահի նրանց մեջ կարող է դրվել ցանկացած ամեն մի իմաստ ու բովանդակություն: Հենց սրա մեջ է բառ-նախադասությունների ոճական արժեքը, բառեր, որոնց օգնությամբ խոսքը դարձնում ենք համառոտ, խուսափում ավելորդ կրկնություններից, խոսքին հաղորդում ենք կտրականություն, վճռականություն, դրանց միջոցով արտահայտում զանազան վերաբերմունքներ» [2, էջ 359]։

Արամաշոտ Պապայանի բոլոր պիեսներում նմանատիպ նախադասությունները բազմաթիվ են: Բերենք մի քանի օրինակներ.

Սուրեն. - Դուք առաջին անգա՞մն եք մեզ մոտ:

Նազիկ. - Առաջին:

Սուրեն. - Ձեզ դու՞ր է գալիս այստեղ:

Նազիկ. - Շատ (ՄՀ, էջ 25):

Պրոֆեսոր. - Հարսների՞դ:

Տարոն. - Այո (ԳՄԱՍ, էջ 528):

Այսպիսով, միակազմ նախադասությունները կարճում են խոսքը, և այն դարձնում սեղմ ու դիպուկ, ազատում են խոսքը ավելորդ երկարաբանությունից:

 

Համառոտագրություններ

ՍԻՉԱԵԱՔԷ - Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է։

ԳՄԱՍ - Գնա մեռի, արի սիրեմ։

ԽՊ - Խանդից պատուհաս։

ՀՀՆծ - Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին։

ՀՄՇ - Հարսանիք մահվան շեմին։

ՄՀ - Մեծ հարսանիք։

 

Գրականության ցանկ:

  1. Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։
  2. Պողոսյան Պ․ Մ, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները, Խոսքի տեսություն, գիրք 1, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1990, 424 էջ։