ADDRESS AND ITS STYLISTIC VALUE IN THE PLAYS OF ARAMASHOT PAPAYAN

Рубрика конференции: Секция 17. Филологические науки
DOI статьи: 10.32743/NetherlandsConf.2022.3.17.335567
Библиографическое описание
Harutyunyan S.A. ADDRESS AND ITS STYLISTIC VALUE IN THE PLAYS OF ARAMASHOT PAPAYAN// Proceedings of the XVII International Multidisciplinary Conference «Innovations and Tendencies of State-of-Art Science». Mijnbestseller Nederland, Rotterdam, Nederland. 2022. DOI:10.32743/NetherlandsConf.2022.3.17.335567

ADDRESS AND ITS STYLISTIC VALUE IN THE PLAYS OF ARAMASHOT PAPAYAN

Susanna Harutyunyan

Postgraduate student, Armenia, Yerevan State University,

Armenia, Yerevan

ԿՈՉԱԿԱՆԸ և ՆՐԱ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

ABSTRACT

This article examines the stylistic value of the address in Aramashot Papayan's plays.

ԱՆՈՏԱՑԻԱ

Սույն հոդվածում քննվում է կոչականի ոճական արժեքը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

 

Keywords: Aramashot Papayan; address; stylistic value; free order of words; nominal sentence; prepositive; interpositive; postpositive.

Բանալի բառեր: Արամաշոտ Պապայան, կոչական, ոճական արժեք, ազատ շարադասություն, անվանական նախադասություն, նախադաս, միջադաս, վերջադաս։

 

Ի տարբերություն արձակ և չափածո ստեղծագործությունների, որտեղ կոչականները հազվադեպ կիրառություն ունեն, պիեսներում դրանք մեծ գործածություն ունեն, քանի որ գործող անձինք իրար հետ հաղորդակցվում են երկխոսությունների միջոցով, իսկ կոչականը երկխոսության գլխավոր անդամն է: Կոչականները նախադասության անդամ չեն և ցույց են տալիս, թե ո՛ւմ է ուղղված խոսքը, ո՛ւմ է դիմում խոսողը:

Հայերենի ակադեմիական քերականության մեջ նշվում է, որ նախադասության կազմի մեջ չեն մտնում, հետևաբար և նախադասության անդամ չեն կոչականները, որոնք ցույց են տալիս , թե ո՛ւմ է ուղղված խոսքը [2, էջ 294]:

Այս տեսակետը պատճառաբանվում է նրանով, որ կոչականը քերականորեն կապված չէ նախադասության ոչ մի անդամի հետ և նախադասության կազմից դուրս է մնում: 

Կոչականը նախադասության անդամ չի համարում նաև հայ անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանը: Այդ մասին նա գրում է. «Կոչական անունը, երբ բայը երկրորդ դեմքով է, բացահայտիչ է ենթակայի, արտահայտված լինի ենթական դերանունով, թե ոչ» [1, էջ 410]:

Եվ դա իսկապես այդպես է, քանի որ կոչականը հիմնականում ունի երկրորդ դեմք: Նախադասության ենթական նույնպես երկրորդ դեմքի է, և կոչականը հանդես է գալիս որպես նրա բացահայտիչ, որպես գոյականով արտահայտված անուն և թվով համաձայնում է նրան, իսկ նրա միջոցով նաև ստորոգյալին: Նախադասության ենթական կարող է նաև դերանվամբ արտահայտված չլինել, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ենթակայի գաղափարը ստորոգյալի մեջ արդեն արտահայտված է:

Հայերենում կոչականներն ունեն ազատ շարադասություն և կարող են լինել նախադաս, միջադաս և նույնիսկ վերջադաս: Բերենք բնագրային օրինակներ.

Հակոբ. - Նինա, ես ինչ-որ չեմ հիշում. Ե՞րբ է իմ ծննդյան օրը (ՀՀՆԾ, էջ 248):

Սողոմոն. - Հանգիստ, Շուշո ջան, հանգիստ, քանի Սողոմոնը կենդանի է, դու էդ խայտառակությունը չես տեսնի (ԽՊ, էջ 179):

Պոետ. - Ո՞ւր եմ ես եկել, Մարգո (ՀՀՆԾ, էջ 248):

Սակայն կոչականի՝ նախադաս, միջադաս կամ վերջադաս լինելու դեպքում հնչերանգային և ներգործուն ազդեցությունը նույնը չէ: Ավելի բարձր հնչերանգ և ներգործուն ուժ ունեն նախադասության սկզբում դրված կոչականները: Նախադասության սկզբում դրվող կոչականները ուժեղ շեշետված լինելու պատճառով համեմատաբար ավելի են անջատելի, նրանց և մյուս բառերի միջև եղած դադարը ավելի մեծ է լինում:

Հայերենում հաճախ կոչականները դրվում են անձնական դերանվան եզակի կամ հոգնակի թվի երկրորդ դեմքից հետո, երբեմն էլ առաջ՝ բացահայտելով այդ դերանունների իմաստը:

Կոչականը նախադասության սկզբում է դրվում, երբ դրա միջոցով խոսողն արտահայտում է հանդիմանություն, զայրույթ, սպառնալիք, մտերմություն, խնդրանք և այլն: Բերենք բնագրային օրինակներ.

Օհան. - Ընկեր Մարգար, դուք անուն հանած, անվանի, վաստակավոր շինարարար, շքանշանակիր մարդ եք (ԱԱՇԷԵ, էջ 322):

Հակոբ. - Եվ դուք, քեռորդիներ, խնդրում եմ մասնակցել մեր քեֆին (ՀՀՆԾ, էջ 244):

Ինչպես իրավացիորեն նկատում է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, այսպիսի կոչականները սովորաբար սկսվում են որևէ ձայնարկությամբ, որն ավելի է սրում խոսքի հուզաարտահայտչական երանգը [3, էջ 428]:

Բերենք բնագրային օրինակներ.

Վահրամ. - Վայ, տիկին Ժորժետա, արևս մեռնի, եթե մի կես սանտիմ էլ կա (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 261):

Նարգիզ. - Ա՛, Վռամ Վռամիչ, համեցեք (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 254):

Բլբուլ. - Է, Սոխակ քեռի...Էսքան հե՞շտ... (ՀՀՆԾ, էջ 201):

Պատվական. - Վա՛յ, Սուրեն ջան, շնորհակալ եմ, բայց խնդրում եմ այս պատմության մասին ոչ ոքի ոչ մի խոսք (ՄՀ, էջ 5):

Երբ կոչականը կորցնում է գործնական նշանակությունը, այդ դեպքում այն շարադասվում է նախադասության սկզբում կամ վերջում: Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության մեջտեղում է.

Սողոմոն. - Ես պատճառ լինել չեմ ուզում, հարս ջան, թե կարող ես, ներիր այդ խանդից պատուհասին...(ԽՊ, էջ 190):

Մեսրոպ. - Խորհուրդ եմ տալիս, Կարմեն, պատվիրիր թաղման քայլերգ և ձայնագրիր քո մագնիտոֆոնի վրա (ՀՀՆԾ, էջ 251):

Մինաս. - Մտրակեք մեզ, Հակոբ Նշանիչ, կացնեք, միայն ոչ մինչև վերջ (ՀՀՆԾ, էջ 248):

Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության վերջում է.

Հակոբ. - Բոլորովին գլուխդ մի կախիր, Սեդա... (ՀՀՆԾ, էջ 247):

Կարմեն. - Վայ գլուխդ չմեռնի, Մըկտրիճ (ՀՀՆԾ, էջ 240):

Սողոմոն. - Նստիր, նստիր, Շուշո ջան (ԽՊ, էջ 178):

Ողջույնի, հրաժեշտի, բարեմաղթությունների դեպքում կոչականները սովորաբար նախադասության վերջում են դրվում, իսկ երբեմն էլ՝ մեջտեղում: Բերենք բնագրային օրինակներ.

Մինաս. Վայ, ցավդ տանեմ, Հակոբ Նշանիչ, հազար առողջություն քեզ (ՀՀՆԾ, էջ 235):

Մեսրոպ. Բարև, Թագուն մայրիկ:

Թագուհի. Բարև արևիդ, Մեսրոպ ջան (ՀՀՆԾ, էջ 192):

Ոճական առանձին արժեք ունեն կոչական անվանական նախադասությունները, որոնք գործածական են երկխոսությունների ժամանակ, երբ դիմացինը հոգեպես լարված և հուզված լսում է խոսակցին, բայց չի կարող նրան լիարժեք պատասխան տալ և վերաբերմունքն արտահայտում է մեկ բառով՝ իբրև հանդիմանություն, զարմանք, զզվանք, հիացմունք և այլն: Որպես բնագրային օրինակ բերենք հետևյալ երկխոսությունը «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» պիեսից.

Մինաս. Մարգուշա, բարև:

Մարգո. (տպելով): Անտաշ:

Մինաս (կանգ է առնում): Ի՞նչ:

Մարգո. Կոպիտ:

Մինաս. (զարմացած): Չհասկացա:

Մարգո. Բռի: (ՀՀՆԾ, էջ 198):

Այսպիսով, Ա. Պապայանը իր պիեսներում կիրառել է տարբեր բնույթի կոչականներ, որոնք ունեն ոճական մեծ արժեք և տարբեր տիպի հնչերանգներ:

Համառոտագրություններ

ԱԱՇԷԵ - Աշխարհն, այո, շուռ է եկել։

ԱԻՉԱԵԱՔԷ - Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է։

ԽՊ - Խանդից պատուհաս։

ՀՀՆծ - Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին։

ՄՀ - Մեծ հարսանիք։

 

Գրականության ցանկ:

  1. Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, «Միտք» հրատարակչություն, Երևան, 1965, 699 էջ։
  2. Աբրահամյան Ս. Գ․,Պառնասյան Ն. Ա․, Օհանյան Հ. Ա․,Բադիկյան Խ. Գ․, Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Շարահյուսություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976, 856 էջ։
  3. Առաքելյան Վ.Դ․, Հայերենի շարահյուսություն, հ. Բ, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1964, 468 էջ։
  4. Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։