ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ղազարյան Սուսաննա Գրիգորի
ՀՀ քաղաք Երևան «Ավանի մանկապարտեզներ»
ՀՈԱԿ հ.55 մսուր-մանկապարտեզ, մեթոդիստ
Երեխայի դպրոցի պատրաստվածության հիմնախնդիրը մեծ ուշադրության է արժանացել հայ և արտասահմանյան հոգեբանների կողմից: Նրանք երբեմն նույնացնում են «պատրաստվածություն» և «հասունություն» հասկացությունները, երբեմն էլ դպրոցական ուսուցմանը պատրաստ լինելը դիտարկում է որպես տարիքային առանձնահատկություն: Ի հակադրություն այս կարծիքի՝ Դ. Պ. Օզուբելը առաջարկել է դպրոցական պատրաստվածությունը համարել ոչ թե տարիքային առանձնահատկություն, այլ վարքի, քանի որ դպրոցական տարիքի հասած երեխաները նույնը չեն իրենց զարգացման մակարդակով և ունեն տարբեր կարողություններ:
Խոսելով դպրոցական ուսուցման պատրաստվածության մասին՝ Յա. Իրասեկը գտնում էր, որ այս հարցի լուծման գործում միաձուլվում են մի կողմից տեսական դրույթները, մյուս կողմից՝ գործնական փորձը: Դպրոցական պատրաստվածության վերաբերյալ կատարած իր ուսումնասիրություններում Յա. Իրասեկը հիմնախնդրի կենտրոնում դնում էր երեխաների ինտելեկտուալ հնարավորությունները, որոնք արտացոլվում են թեստերում, որոնք ցույց են տալիս երեխայի հոգեկան գործընթացների զարգացման մակարդակը:
Փորձելով պարզաբանել «դպրոցական պատրաստվածություն» հասկացությունը՝ Ս. Շտրեբելը, Ա. Կեռնը, Յա. Իրասեկը եկան այն եզրակացության, որ դպրոց հաճախող երեխան պետք է լինի՝
- Հասուն՝ մտավոր գործունեության մեջ,
- Հասուն՝ հուզական և սոցիալական փոխհարաբերություններում:
Վերոհիշյալ հեղինակները երեխայի մտավոր գործունեության ոլորտում կարևորում են տարբերակված ընկալման, կամային ուշադրության և վերլուծական մտածողության առկայությունը: Հուզական հասունության տակ նրանք հասկանում են հուզական կայունությունը և իմպուլսիվ հակազդումների համարյա լրիվ բացակայությունը: Ինչ վերաբերում է սոցիալական հասունությանը, ապա նրանք դա սերտորեն կապում են երեխայի շփման, հաղորդակցման պահանջմունքի, մանկական խմբի հետաքրքրություններին ու կանոններին ենթարկվելու ունակությունների, ինչպես նաև ուսումնական տարբեր իրավիճակներում իր վրա սոցիակալան դերեր վերցնելու երեխայի կարողությունների հետ:
Դպրոցական ուսուցման պատրաստվածության օրինաչափությունների բացահայտման ուղղությամբ լուրջ հետազոտություններ անցկացրին նաև Ֆ. Լ. Իլգը և Լ. Բ. Էյմսը: Արդյունքում ստեղծվեց առաջադրանքների հատուկ համակարգ, որը հնարավորություն տվեց հետազոտել 5-10 տարեկան երեխաների մտավոր կարողությունների և իմացական գործընթացների առկա մակարդակները: Թեստային առաջադրանքներից բացի, հեղինակներն առաջարկում էին դպրոցական ուսուցմանը պատրաստ չլինելու դեպքում երեխային հանել դպրոցից և նպատակաուղղված աշխատանքի միջոցով նրանց պատրաստվածությունը հասցնել բավարար մակարդակի [1]:
Վերոհիշյալ հեղինակների մոտեցումների մեջ նկատվում էր որոշակի ընդհանրություն: Նրանցից շատերը, խոսելով դպրոցական ուսուցման պատրաստվածության մասին, օգտագործում են «դպրոցական հասունություն» հասկացությունը՝ ելնելով այն հիմնադրույթից, համաձայն որի այդ հասունությունը ձևավորվում է երեխայի՝ ի ծնե ունեցած տվյալների սպոնտան զարգացման ընթացքում՝ անկախ դաստիարակության և կյանքի սոցիակական պայմաններից:
Համեմատական վերլուծություն անցկացնելով խորհրդային և արտասահմանյան հոգեբանների հետազոտությունների միջև, տեսնում ենք, որ արտասահմանյան հոգեբանները մեծ ուշադրություն են դարձնում դպրոցական ուսուցման հոգեբանական պատրաստվածությանն ուղղված թեստերի ստեղծմանը, իսկ խորհրդային ժամանակաշրջանի հոգեբանների աշխատանքները պարունակում են դպրոցական ուսուցման պատրաստվածության հիմնախնդրի տեսական վերլուծություններ:
Հոգեբանական գրականության մեջ դպրոցին պատրաստվածության խնդրի առնչությամբ իրենց ներդրումն են ունեցել խորհրդային հոգեբաններ Ա. Անաստազին, Ա. Ն. Լեոնտևը, Դ. Գ. Անանևը, Դ. Բ. Էլկոնինը, Լ. Ի. Բոժովիչը, Լ. Ա. Վենգերը, Ա. Ս. Լյամինան, Ն. Ա. Գուտկինան, Լ. Ս. Սլավինան և ուրիշներ:
Անդրադառնալով դպրոցական պատրաստվածության հիմնահարցին՝ Ա. Անաստազին նշում է, որ երեխայի դպրոցական ուսուցման պատրաստությունը ենթադրում է գիտելիքների, կարողությունների, ընդունակությունների և դրդապատճառների ձևավորվածության որոշակի մակարդակ: Նրա առանձին ուսումնասիրություններում «դպրոցական անպատրաստությունը» բացատրվում է կենսաբանական, սոցիալական գործոնների դրական և բացասական ազդեցությամբ:
Փորձելով վերլուծել երեխաների դպրոցական պատրաստության հիմնախնդիրը՝ չեխ հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ դպրոց ընդունվող երեխան պետք է հասուն լինի մտավոր, հուզական և սոցիալական զարգացմամբ: Սա նշանակում է, որ նրա մոտ պետք է զարգացած լինեն տարբերակված ընբռնումը, կամածին ուշադրությունը, վերլուծական մտածողությունը: Հուզական հասունություն ասելով նրանք հասկանում են հուզական կայունություն, իմպուլսիվ, ինքնաբուխ ռեակցիաների բացակայություն: Ինչ վերաբերում է սոցիալական հասունացմանը, ապա այն կապվում է հասակակիցների հետ հաղորդակցվելու երեխայի պահանջմունքի, մանկական խմբի պահանջներին և հետաքրքրություններին ենթարկվելու ունակության զարգացման, ինչպես նաև դպրոցականի սոցիալական դերի գիտակցման և ընդունման հետ:
Ուսումնասիրելով «դպրոցական պատրաստվածություն» հասկացության էությունն ու նշանակությունը՝ Դ. Բ. Էլկոնինը գտնում էր, որ երեխայի պատրաստվածությունը դպրոցական ուսուցմանը ենթադրում է «սոցիալական կանոնների շրջադարձ», որն էլ իրենից ներկայացնում է մեծահասակի և երեխայի միջև ձևավորող նոր սոցիալական հարաբերությունների ողջ համակարգը [5]:
Դպրոցական պատրաստվածության մասին առավել ընդարձակ պատկերացում է տալիս Լ. Ա. Վենգերը, որի տակ նա հասկանում է գիտելիքների և ունակությունների խումբ, որում պետք է առկա լինեն նաև մյուս տարրերը՝ չնայած դրանց զարգացման մակարդակը կարող է տարբեր լինել: Ըստ նրա այդ գիտելիքների և ունակությունների համակարգի հիմքը պետք է կազմեն՝
- երեխայի վարքը կառավարող դրդապատճառային համակարգը,
- անձնային պատրաստվածությունը, որի մեջ մտնում է երեխայի «ներքին դիրքորոշումը»,
- կամային և ինտելեկտուալ պատրաստվածությունը [2]:
Դպրոցական պատրաստվածության վերաբերյալ իր հետազոտություններում Տ. Ա. Նեժնովան դպրոցական պատրաստվածության գործընթացում հատկապես կարևորում է երեխայի իր նոր սոցիալական դիրքին նախապատրաստելու խնդիրը: Այստեղից էլ զարգանում է այն միտքը, համաձայն որի երեխայի նոր սոցիալական դիրքը և դրան համապատասխան գործունեությունը գործունեությունը զարգանում են այնքանով, որքանով դրանք ընդունվում են սուբյեկտի կողմից, այսինքն դառնում են նրա պահանջմունքների և ձգտումների առարկան, ինչպես նաև նրա «ներքին դիրքորոշման» բովանդակությունը [9]:
Կարևոր է նաև այն, որ դպրոցի մասին տեղեկությունները երեխան ոչ միայն հասկանա, այլև զգա: Հուզական փորձը օգնում է երեխային ընդգրկվել իր մտածողությունն ու հույզերն ակտիվացնող գործունեության մեջ: Հուզական փորձը, սովորաբար, ձևավորվում է զրույցների, մեծահասակների կողմից իրենց հետաքրքիր դպրոցական կյանքի և սիրելի ուսուցիչների մասին կատարած պատմումների, դպրոցական էքսկուրսիաներ կազմակերպելու, առաջին դասարանցիների հետ շփվելու, գեղարվեստական գրականություն ընթերցելու և այլնի միջոցով [6]:
Փաստորեն դպրոցական ուսուցման նկատմամբ հուզական փորձի ձևավորումը իր հերթին նպաստում է դպրոցի նկատմամբ դրդապատճառային պատրաստվածության ձևավորմանը, ինչն էլ հենց հանդիսանում է երեխայի սովորելու ցանկությունը:
Ուսումնասիրելով դպրոցական ուսուցման պատրաստվածությունն իր բոլոր կողմերով՝ Վ. Վ. Դավիդովը երեխային դպրոցին նախապատրաստելու բարդ գործընթացում կարևորում է երեխայի՝ մտավոր գործողություններ կատարելու, շրջապատող առարկաներն ու երևույթները առանձնացնելու և տարբերակելու, իր գործողությունները պլանավորելու ունակություններն ու կարողությունները: Սրանց թվում նա կարևորում է նաև ուսման նկատմամբ երեխայի ունեցած դրական վերաբերմունքն ու կամային ջանքերի շնորհիվ որևէ խնդիր լուծելու կարողությունը:
Վերլուծելով «հոգեբանական պատրաստվածություն» հասկացությունը՝ Լ. Ա. Վենգերը, Լ. Լ. Կոլոմինսկին, Ե. Ե. Կրովցովան և այլք հոգեբանական պատրաստվածության կառուցվածքում առանձնացրեցին հետևյալ բաղադրիչները.
- Անձնային պատրաստվածություն, որն իր մեջ ներառում է երեխայի պատրաստվածությունը նոր սոցիալական դիրքին, այսինքն աշակերտի կարգավիճակին, որն արդեն ունի որոշակի իրավունքներ և պարտականություններ: Անձնային պատրաստվածության մեջ մտնում է նաև երեխայի դրդապատճառային ոլորտի զարգացման աստիճանի տարբերակումը:
- Ինտելեկտուալ պատրաստվածություն, որը ենթադրում է երեխայի մոտ մտահորիզոնի և ճանաչողական գործընթացների զարգացման առկայություն:
- Սոցիալ հոգեբանական պատրաստվածություն, որն իր մեջ ներառում է երեխայի բարոյական և հաղորդակցական ունակությունների ձևավորումը:
- Հուզակամային պատրաստվածություն, որը համարվում է ձևավորված, եթե երեխան կարողանում է իր առջև նպատակ դնել, որոշումներ ընդունել,գործողություների պլան մշակել դրանց իրականացմանը [2]:
Ամփոփելով խորհրդային և արտասահմանյան հոգեբանների աշխատություններում տեղ գտած «դպրոցական պատրաստվածություն» հիմնախնդրի վերաբերյալ կատարած բոլոր պարզաբանումներն ու վերլուծությունները՝ ակնհայտ է դառնում այն փաստը, որ երեխաների դպրոցական ուսուցման պատրաստվածության առանձնահատկությունները ժամանակին բացահայտելը իրենից բացառապես կարևորագույն խնդիր է ներկայացնում, որի լուծումը հնարավորություն է տալիս ճիշտ մոտեցում ցուցաբերել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների և առաջին դասարանցիների ուսուցման և դաստիարակության կազմակերպման նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց անհատական դրսևորումները: Նման աշխատանքը կարևոր միջոց է հանդիսանում ուսման մեջ երեխայի հնարավոր դժվարությունների բացահայտման և առաջին դասարանում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Գրականության ցանկ:
- Анастази А. “Психологическое тестирование”, кн. 2. Под. Ред. К. М. Гуревича, В. И. Лубовского-М. 1982
- Венгер Л. А. Готов ли ребенок к школе, М., 1994
- Вьюнова Н. И., Гайдар К. М., Темнова Л. В Психологическая готовность ребенка к обучению в школе, М., 2003, стр.124-125, 256
- Конева О.Б. Психологическая готовность детей к школе: Учебное пособие–– Челябинск: Изд-во ЮУрГУ, 2000.– 32 с.
- Маркова А. К., Матис Т. А., Орлов А. Б. Возрастные особенности мотивации учения и умение школьников учиться // Формирование мотивации учения: Книга для учителя. М.: Просвещение, 1990. – С. 44 – 49
- Нижнегородцева Н.В., Шадриков В. Д. Психолого-педагогическая готовность ребенка к обучению в школе, М., Владос, 2001, с.119
- Шинтарь З. Л. Введение в школьную жизнь: Учеб.-метод. Пос. Гродно: ГрГУ, 2002, с. 119
- http://koi.tspu.ru/koi_books/nikolskaya2/pgkho.htm
- http://uchebnik-online.com/soderzhanie/textbook_45.html