ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Ս.Ա. Հարությունյան // Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования: сб. ст. по материалам LIII Международной научно-практической конференции «Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования». – № 10(47). – М., Изд. «Интернаука», 2021. DOI:10.32743/25419870.2021.10.47.304901

ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Ասպիրանտ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

Սույն հոդվածում ներկայացվում են ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Շիրյաևի (1986) և ուրիշների տեսակետները ռուս լեզվաբանության պատմության մեջ՝ անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։      

Բանալի բառեր. լեզվաբանություն, բարդ նախադասություն, անշաղկապ բարդ նախադասություն, համադասություն, ստորադասություն, շաղկապական դադար, հնչերանգ, փոխհատուցված օրենք, համասեռ, անհամասեռ։      

Ռուս լեզվաբանության պատմության մեջ հայտնի են հատկապես ռուս լեզվաբաններ Ա․ Մ․Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Ե․ Շիրյաևի (1986) աշխատությունները։ Ռուս լեզվաբան Վ. Բելոշապկովան նշում է, որ մինչև 20 - րդ դարի 50 - ական թվականները անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունները դիտվում էին որպես «բաց թողնված շաղկապներով» նախադասություններ [1, էջ 765]։

Ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների միջև եղած կապակցության միջոցներից ռուս լեզվաբաններն իրենց հիմնական ուշադրությունը դարձրել են հնչերանգին։ Նշենք, որ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցության միջոցներն են՝ իմաստը, հնչերանգը, կապող բառերը, բայ – ստորոգյալի ձևերը և շարադասությունը։ 

Ռուս լեզվաբանության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական մոտեցում` ներկայացնելու անշաղկապ բարդ նախադասությունները։ Անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ ունեցած առաջին տեսակետը պատկանում է Ա. Մ. Պեշկովսկուն: Ըստ նրա՝ անշաղկապ բարդ նախադասություններում հնչերանգը իր վրա կարող է վերցնել այն գործառույթները, որոնք շաղկապական բարդ նախադասություններում կատարում են շաղկապները [2, էջ 470-472]։ Ա․ Մ․Պեշկովսկին առանձնացնում է «շաղկապական դադարները»՝ իբրև նախադասությունների միացման միջոց: Այդպիսի «շաղկապական դադարների» հիմնական նշանը հնչերանգն է: Ըստ Ա. Մ. Պեշկովսկու՝ հնչերանգը նախադասություններում կարող է փոխարինել շաղկապներին` կատարելով նրանց գործառույթները: Անշաղկապ բարդ նախադասության ուսումնասիրության նման մոտեցումը ստացել է Ա. Մ. Պեշկովսկու «փոխհատուցված օրենք» անվանումը: Ըստ Ա․ Պեշկովսկու՝ հնչերանգը փոխհատուցում է շաղկապի բացակայությունը։ Այդ օրենքին էլ համապատասխան՝ շաղկապների բացակայության դեպքում առաջին պլան է մղվում հնչերանգը:

Խոսելով անշաղկապ բարդ նախադասությունների մասին՝ Ա․ Մ․Պեշկովսկին գտնում է, որ «այստեղ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով է այս կամ այն հնչերանգի իմաստը նույնը այս կամ այն շաղկապների խմբի հետ» [2, էջ 470-472]։ Ուստի Ա. Մ. Պեշկովսկին առանձնացնում է՝    

1. բացատրական հնչերանգը

2. նախազգուշական հնչերանգը

3. թվարկման հնչերանգը [2, էջ 470-472]։      

Նա գտնում է, որ բացատրական հնչերանգը փոխարինում է պատճառի հարաբերություն արտահայտող շաղկապներին, նախազգուշական հնչերանգը՝ մեկնական շաղկապներին, իսկ թվարկման հնչերանգը՝ թվարկման հարաբերություն արտահայտող միավորիչ շաղկապներին։               

Ա․ Մ․ Պեշկովսկին անշաղկապ բարդ նախադասությունները հավասարեցնում է շաղկապական բարդ նախադասություններին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները միջին տեղ են գրավում բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների միջև [2, էջ 470-472]։        Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ բոլոր բարդ նախադասությունները դիտարկվում էին կա՛մ բարդ համադասական, կա՛մ էլ բարդ ստորադասական նախադասություններ՝ համապատասխան շաղկապ «ներմուծելու» ճանապարհով։      

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ն․ Ս․ Պոսպելովին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները բարդ նախադասության հատուկ կառուցվածքաիմաստային տեսակին են պատկանում, և կապակցությունը միայն հնչերանգով չի արտահայտվում, այլ այն ունի նաև ինքնուրույն իմաստ։ Նա անշաղկապ բարդ նախադասությունը դիտում է որպես բազմաբաղադրիչ միավոր, որը ներկայացվում է հատուկ կառուցվածքաիմաստաբանական տեսակներով։ Ըստ նրա՝ շաղկապի բացակայության դեպքում մեծանում է ցուցական դերանվանական բառերի դերը։ Ըստ կազմության՝ Ն․ Պոսպելովը անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է համասեռ և անհամասեռ տեսակների [3, էջ 344]։  Համասեռ տեսակի մեջ նա մտցնում է՝   

ա) հակադրական հարաբերություն արտահայտող նախադասությունները, որոնցում առաջին մասն իր բովանդակությամբ հակադրվում է երկրորդ մասին։ Նա նշում է, որ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է տոնի բարձրացումով, իսկ երկրորդ մասը՝ ցածր տոնով [3, էջ 346-347]։

բ) արդյունք՝ հետևանք հանդիսացող  նախադասությունները, որոնք  արտահայտում են գործողության և նրա արդյունքի միջև եղած փոխհարաբերություններ։ Ըստ նրա՝ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է մի փոքր տոնի իջեցմամբ և հնչերանգորեն համապատասխանում է երկրորդ մասին, որն իր հերթին արտասանվում է մի փոքր դադարից հետո տոնի ավելի նշանակալի իջեցմամբ [3, էջ 347]։

Ըստ Պոսպելովի՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն են՝    

1․պայմանական նշանակությամբ նախադասությունները, որոնք բնութագրվում են բարձրացնող – իջեցնող հնչերանգով,

2․բացատրական հարաբերությամբ նախադասությունները, որոնք ինչ-որ հիմնավորում արտահայտելով ցույց են տալիս ինչ-որ բանի պատճառը կամ հետևանքը և արտասանվում են տոնի իջեցմամբ առաջին մասի վերջում,  

3․երկրորդ մասում ասվածի բովանդակությունը բացահայտող նախադասությունները,  քանի որ առաջին մասը կրում է միայն նախնական բնույթ և արտասանվում է նախազգուշացնող հնչերանգով [3, էջ 347-348]։    

Ն․Ս․Պոսպելովը  գրում է․ որ «համասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն իրենցից ներկայացնում են ըստ շարահյուսական նշանակության համասեռ նախադասությունների երկանդամ, եռանդամ և բազմանդամ կապակցություններ, որոնք կորցրել են իրենց հաղորդակցական ինքնուրույնությունը և, որպես հաղորդակցության առանձին միավորներ, միավորվել են առանց շաղկապների՝ նրանցում արտահայտվող բարդ մտքի և նրանց հատուկ համասեռության շարահյուսական նշանակության միասնության ամբողջությամբ, այսինքն՝ միատեսակ վերաբերմունքով ամբողջին, որը նրանք արտահայտում են» [4, էջ 344]։

Ըստ նրա՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն այն նախադասություններն են, որոնք արտահայտում են այս կամ այն կախումը այն նախադասությունների միջև, որոնցից իրենք կազմված են, այսինքն՝  հաջորդի պայմանավորվածությունը նախորդից, հաջորդի հիմնավորումը նախորդով կամ հաջորդի միջև նախորդի բովանդակության բացահայտումը [3, էջ 347]։ Այս դրույթներում է դրված Ն․Ս․Պոսպելովի հայեցակարգի իմաստաբանական չափանիշը։

Ըստ Ն․ Պոսպելովի՝ անշաղկապ բարդ նախադասությունը ներկայացվում է շաղկապական բարդ նախադասությունների շարքում իբրև ինքնուրույն դաս։ Ն․ Պոսպելովը իր «Անշաղկապ բարդ նախադասությունների քերականական բնույթի և դասակարգման սկզբունքների մասին» հոդվածում անշաղկապ բարդ նախադասությունները դասակարգում է իմաստաբանական շարահյուսական մոտեցման հիման վրա։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասություններն այնպիսի բարդ նախադասություններ են, որոնց բաղադրիչները, քերականորեն ձևավորված իբրև նախադասություններ, միավորվում են մեկ ամբողջության մեջ ո՛չ թե շաղկապների կամ հարաբերական բառերի միջոցով, այլ անմիջականորեն նախադասությունների կազմը մտնող բովանդակության փոխկապակցվածությամբ, որը և արտահայտվում է այս կամ այն ձևաբանական և ռիթմահնչերանգային միջոցներով» [3, էջ 343]:

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ե․ Շիրյաևին։։ 20 –րդ դարի 80 – ական թվականներին գրված իր «Անշաղկապ  բարդ նախադասությունները ժամանակակից ռուսաց լեզվում» աշխատության մեջ անշաղկապ բարդ նախադասությունը նա դիտում է որպես շարահյուսական հատուկ ձև, որում բաղադրիչների իմաստային հարաբերությունները բխում են նրանց բառագիտական իմաստաբանական բովանդակությունից։ Ահա թե ինչ է գրում ռուս լեզվաբան Ե․ Շիրյաևը անշաղկապ  բարդ նախադասությունների մասին։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասության նկատմամբ այժմ դրված է համարյա համլետյան հարցը․ լինել թե՞ չլինել։ Պե՞տք է արդյոք դիտարկել անշաղկապ  բարդ նախադասությունը՝ որպես շարահյուսական առանձնահատուկ ձև» [4, էջ 40]։

Այսպիսով, սույն հոդվածում անդրադարձանք ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու, Ն․ ՍՊոսպելովի, Ե․ Շիրյաևի հայացքներին, ովքեր նշանակալից ներդրում են ունեցել ռուս լեզվաբանության պատմության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ։

 

Գրականության ցանկ:

  1. Белошапкова В. А. Современный русский язык. Москва, Издательство “Высшая школа”, 1989, 800 с.
  2. Пешковский А. М. Русский синтаксис в научном освещении, изд. пятое, Москва, госучпедизд, 1956, 512 с.
  3. Поспелов Н. С., О грамматической природе и принципах классификации бессоюзных сложных предложений, Вопросы синтаксиса современного русского языка, Москва, госучпедизд, 1950, с. 338-355.
  4. Ширяев Е. Н. Бессоюзное сложное предложение в современном русском языке, Москва, Издательство “Наука”, 1986, 222 с.