ՇԱՐԱՀԱՐԱԿԱՆ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Библиографическое описание
Քեռյան Ս.Ս. ՇԱՐԱՀԱՐԱԿԱՆ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Ս.Ս. Քեռյան // Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования: сб. ст. по материалам LXXIII Международной научно-практической конференции «Культурология, искусствоведение и филология: современные взгляды и научные исследования». – № 6(66). – М., Изд. «Интернаука», 2023. DOI:10.32743/25419870.2023.6.66.360390

ՇԱՐԱՀԱՐԱԿԱՆ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Քեռյան Սուսաննա Սաշայի

Հայցորդ, Երևանի պետական համալսարան,

ք. Երևան

 

THE STUDY OF ASYNDETIC COMPOSITE SENTENCES IN THE HISTORY OF THE ARMENIAN LINGUISTICS

Susanna Keryan

Postgraduate student, Yerevan State University

Armenia, Yerevan

 

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Սույն հոդվածում ներկայացվում են հայ լեզվաբաններ Վ Առաքելյանի, Ն Պառնասյանի, Մ Աբեղյանի. Գ Սևակի, Է Աղայանի, Ս Աբրահամյանի, Գ Գարեգինյանի, Արտ Պապոյանի տեսակետները` հայոց լեզվում շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

ABSTRACT

In this article  are observed the points of view of the Armenian linguists V. Arakelyan, N. Parnasyan, M. Abegyan, J. Sevak, E. Agayan, S. Abrahamyan, G. Gareginyan, Art. Papoyan, who made a remarkable tribute to the researching of the asyndetic composite sentences in the Armenian language.

 

Բանալի բառեր լեզվաբանություն, բարդ նախադասություն, շարահարական բարդ նախադասություն, հնչերանգ, բառային միջոցներ.

Keywords: linguistics, composite sentence, asyndetic composite sentence, intonation, words means.

 

Հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առավելապես կիրառվում են ժողովրդախոսակցական լեզվում։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները հայ լեզվաբանության պատմության մեջ դարձել են հատուկ ուսումնասիրությունների առարկա Վ Առաքելյանի (1964), Ն Պառնասյանի (1964), Մ Աբեղյանի (1965), Գ Սևակի (1978), Է Աղայանի (1987), Ս Աբրահամյանի (1988), Գ Գարեգինյանի (1991), Արտ Պապոյանի (2003) և ուրիշների աշխատություններում։

«Շարահարություն» եզրույթն առաջարկվել է Մ. Աբեղյանի կողմից «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ։ Իր աշխատության մեջ նա նշում է, որ իրար հետ կապակցված խոսքերը միմյանց նկատմամբ ունեն ստորադասական և համադասական հարաբերություններ [1, էջ 600]։ Նա ստորադասական կապակցությունը բաժանում է շարահարությամբ և զոդվածով կապակցված կապակցությունների, իսկ համադասական կապակցությունը՝ շարահարությամբ, ցուցական բառերով, համադասական շաղկապներով և շաղկապական բառերով կազմված կապակցությունների [1, էջ 652]։ Մ. Աբեղյանը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առանձին տարատեսակ չի համարում։ Հետագայում լեզվաբանները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն համարում են առանձին տարատեսակ։

Մ. Աբեղյանին հետևելով՝ հայ լեզվաբան Գուրգեն Սևակը նույնպես գտնում է, որ գլխավոր և երկրորդական նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ կամ զոդվածով [9, էջ 100]։ Սակայն Գ Սևակը կարծում է, որ ո՛չ միայն բարդ ստորադասական նախադասությունների կազմի մեջ մտնող գլխավոր և երկրորդական նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ կամ զոդվածով, այլև բարդ համադասական նախադասությունների կազմի մեջ մտնող համադաս նախադասությունները նույնպես կարող են կապակցել շարահարությամբ կամ զոդվածով՝ ի տարբերություն Մ Աբեղյանի, որը գտնում է, որ համադաս նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ, ցուցական բառերով, համադասական շաղկապներով և շաղկապական բառերով։ Մ. Աբեղյանը չի կարծում, որ համադաս նախադասությունները կարող են կապակցվել զոդվածով։

Ն Պառնասյանն իր «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում» աշխատության մեջ ուսումնասիրում է ինչպես անշաղկապ բարդ համադասական նախադասությունները [6, էջ 20], այնպես էլ անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունները [6, էջ 59]։

Նա իր աշխատության մեջ նշում է, որ «ինչպես ամեն մի բարդ նախադասության, այնպես էլ անշաղկապ բարդ նախադասության կառուցվածքային-իմաստային էությունը որոշողը հանդիսանում է իմաստային գործոնը, բարդ նախադասության մեջ մտնող նախադասությունների (բաղկացուցիչ մասերի) բովանդակությունների փոխադարձ կապը և հարաբերակցությունը» [6, էջ 17 - 18]։ Ն Պառնասյանը կարծում է, որ նախադասությունների անշաղկապ կապակցության դեպքում ևս կարելի է տարբերակել համադասությունը և ստորադասությունը, քանի որ նա գտնում է, որ «բարդ նախադասության բաղկացուցիչ մասերի միջև կա ո՛չ միայն իմաստային կախվածություն, այլ նաև կառուցվածքային, քերականական կախվածություն, որոնք անշաղկապ բարդ նախադասության տարբեր տեսակներում արտահայտվում են տարբեր ձևով, ունեն իրենց արտահայտման հատուկ քերականական և բառական միջոցները, որոնք շաղկապների և հարաբերական բառերի բացակայության դեպքում ամբողջությամբ իրենց վրա են վերցնում բարդ ամբողջություն կազմելու, նրանց մասերի միջև եղած իմաստային փոխհարաբերություններն արտահայտելու պաշտոնը» [6, էջ 9 - 10]։

Ստորադասական կապակցության մասին իր կարծիքն է հայտնում նաև պրոֆեսոր Է. Աղայանը։ Նա իր «Լեզվաբանության հիմունքներ» բուհական ձեռնարկում նշում է, որ «ստորադասական բարդ նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասության հետ՝ ստորադասական կապակցություն է, որ, մեծ մասամբ, արտահայտվում է ստորադասական շաղկապների կամ օժանդակ բառերի միջոցով» [3, էջ 557]:

Այսպիսով, պրոֆեսոր Է. Աղայանը նույնպես այն կարծիքին է, որ երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասություն հետ հիմնականում արտահայտվում է ստորադասական շաղկապներով և օժանդակ բառերի միջոցով, սակայն նա հնարավոր է համարում նաև անշաղկապ կապակցությունը։  

Վ Առաքելյանը իր «Հայերենի շարահյուսությունը» աշխատության մեջ առանձին գլուխ է հատկացնում շարահարությանը և քննության է ենթարկում ինչպես անկախ շարահարությամբ բարդ նախադասությունները [4, էջ 364], այնպես էլ կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները [4, էջ 369]։   

Ըստ Վ Առաքելյանի՝ «շարահարությունը համատեղում է այլևայլ հարաբերություններ, իսկ դրանց տարբերակումը պայմանավորվում է հնչերանգությամբ ու այս կամ այն նշանակության առավել ցայտուն լինելով» [4, էջ 294]։

Արտաշես Պապոյանը «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատության մեջ նշում է, որ «շարահարությամբ բարդ ստորադասական նախադասությունների մեջ առավելագույն չափով դրսևորվում է շարահյուսական և ձևաբանական կարգերի ու օրինաչափությունների քերականական կապը» [7, էջ 49]։  

Հայ լեզվաբանության պատմության մեջ մեծ է նաև Ս Աբրահամյանի ներդրումը։ Նա իր «Հայոց լեզու։ Շարահյուսություն» դասագրքում գլխավոր և երկրորդական նախադասությունների կապակցման միջոցներ է համարում բառային միջոցները և հնչերանգը։ Իբրև բառային միջոցներ հանդես են գալիս ստորադասական շաղկապները, հարաբերական բառերն ու հարաբերյալները, իսկ «երբ գլխավոր և երկրորդական նախադասությունները կապված չեն շաղկապով կամ հարաբերականով, նրանց կապը ձևավորվում է հնչերանգով։ Նման դեպքում հնչերանգի ամենաբնորոշ հատկանիշը տոնի բարձրացումն է ու նրան անմիջապես հաջորդող զգալի դադարը» [2, էջ 234]։

Այսպիսով, Ս Աբրահամյանը «զոդում» եզրույթի փոխարեն օգտագործում է «բառային միջոցներ» եզրույթը, իսկ «շարահարություն» եզրույթի փոխարեն՝ «հնչերանգ» եզրույթը։

Անշաղկապ բարդ նախադասությունների ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի նաև Գ Գարեգինյանը: Ըստ նրա՝ «Անշաղկապ են կոչվում այն բարդ նախադասությունները, որոնց բաղադրիչները չեն կապվում շաղկապներով և հարաբերական դերանուններով» [5, էջ 305]։ Նա կարևորում է հնչերանգի, եղանակաժամանակային ձևերի հարաբերակցության և շարադասության դերը։

Արտ Պապոյանը «Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» բուհական ձեռնարկում նշում է, որ գլխավոր և երկրորդական նախադասությունների կապակցությունը իրականանում է սպասարկու բառերով և առանց սպասարկու բառերի [8, էջ 276]։ Սպասարկու բառերով կապակցությունը կոչվում է նշույթավոր կամ զոդվածական, իսկ առանց սպասարկու բառերի կապակցությունը՝ աննշույթ կամ շարահարական։ Ըստ նրա՝ նշույթավոր կամ զոդվածական կապակցության մեջ իբրև նշույթ կամ զոդ հանդես են գալիս ստորադասական շաղկապներն ու հարաբերականները, իսկ շարահարությունը «աննշույթ կապակցություն է, որի մեջ սպասարկու բառեր չեն օգտագործվում»։

Այսպիսով, մենք փորձեցինք սույն հոդվածում համակարգել անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ հայ լեզվաբանների տեսակետները՝ հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարական բարդ նախադասությունների վերաբերյալ։

 

Գրականություն:

  1. Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965․ 699 էջ։
  2. Աբրահամյան Ս․, Հայոց լեզու։ Շարահյուսություն, 7 – 8 րդ դդ․, Երևան, 1988, 328 էջ։
  3. Աղայան Է․, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987, 736 էջ։
  4. Առաքելյան Վ․, Հայերենի շարահյուսություն, հ․ Բ, Երևան, 1964, 467 էջ։
  5. Գարեգինյան Գ․, Ժամանակակից հայոց լեզու /Բարդ նախադասություն/, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1991, էջ 305։
  6. Պառնասյան Ն․, Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում, «Լեզվի և ոճի հարցեր», հ․ 2․, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1964, էջ 5 - 153։
  7. Պապոյան, Արտ․, Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում, Երևան, 1968, 276 էջ։
  8. Պապոյան Արտ․, Խ․ Բադիկյան, Խ․, Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Երևան, 2003, 462 էջ։       
  9. Սևակ Գ․, Հայոց լեզվի շարահյուսություն, 7 – 8 –րդ դդ․ Երևան, 1978, 152 էջ։