WORD ORDER AND ITS STYLISTIC VALUE IN THE PLAYS OF ARAMASHOT PAPAYAN
WORD ORDER AND ITS STYLISTIC VALUE IN THE PLAYS OF ARAMASHOT PAPAYAN
Susanna Harutyunyan
Postgraduate student, Yerevan State University,
Armenia, Yerevan
ՇԱՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ
Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի
Հայցորդ, Երևանի պետական համալսարան,
Հայաստան, ք. Երևան
ABSTRACT
The purpose of this article is the study of word order in the plays of Aramashot Papayan. The forms of expressing the word order in the plays of Aramashot Papayan are presented.
Սույն հոդվածի նպատակը շարադասության և նրա ոճական արժեքի ուսումնասիրությունն է Արամաշոտ Պապայանի պիեսներում։ Ներկայացվում են շարադասության դրսևորման ձևերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։
Keywords: Aramashot Papayan; word order; direct word order; inversion; intonation, logical emphasis.
Բանալի բառեր: Արամաշոտ Պապայան շարադասություն, ուղիղ շարադասություն, շրջադասություն, հնչերանգ, տրամաբանական շեշտ։
Շարադասությունը քերականական արտահայտման միջոցներից մեկն է: «Շարադասությունը, - գրում է Խ. Բադիկյանը, - բառական միավորների՝ յուրաքանչյուր լեզվի ներքին օրինաչափություններից բխող դասավորության ընդունված կարգն է նախադասություններում և բառակապակցություններում» [2, էջ 7]:
Հայերենի շարադասությունն ունի քերականական և ոճաիմաստային դրսևորումներ։ Այն բավականաչափ ճկուն է և ազատ՝ կապված հնչերանգի և տրամաբանական շեշտի հետ, որի շնորհիվ էլ նախադասությունները ստանում են ոճական բազմապիսի կիրառություններ: Շարադասության ճկունությունն ամենից առաջ աչքի է ընկնում նրանով, որ շարադասության փոփոխություններից նախադասությունները ստանում են ոճական-արտահայտչական տարբեր իմաստներ:
Սովորական ուղիղ շարադասությունը նախադասության այնպիսի կառուցվածքն է, երբ ենթական դրվում է ստորոգյալից առաջ, որոշիչը՝ որոշյալից, հատկացուցիչը՝ հատկացյալից, իսկ բացահայտիչը՝ բացահայտյալից հետո: Հայոց լեզվին ավելի բնորոշ է «ենթակա-ստորոգյալ-ուղիղ խնդիր» կառուցվածքը: Ենթակայի լրացումները դրվում են նրանից առաջ, ստորոգյալի լրացումների շարադասությունն ազատ է: Անուղղակի խնդիրների մեծ մասը ստորոգյալի նկատմամբ ետադաս կիրառություն ունի, իսկ պարագաների մեծամասնությունը նախադաս է:
Հարազատ մնալով հայերենի շարադասությանը՝ Ա. Պապայանը նաև բազմաթիվ շեղումներ է կատարում՝ դիմելով շրջադասությանը: Շրջադասությունը նախադասության կամ բառակապակցության անդամների շարադասության սովորական կարգի փոփոխությունն է, որի դեպքում նախադասության անդամների տեղերը փոխվում են, իրար հետ կապված բառերը հեռացվում, նախադասության մի անդանը իր սովորական տեղից շարժվում է մի այլ տեղ՝ սկզբից վերջը կամ ընդհակառակը: Շրջադասությունը կիրառվում է միտքն ընդգծելու, այս կամ այն բառի իմաստը շեշտելու նպատակով: «Շրջադասությունը, - գրում է Ֆ. Խլղաթյանը,-նախադասութան մեջ բառերի սովորական շարադասությունից տարբեր դասավորությունն է, որն ուժեղացնում է խոսքի արտահայտչականությունը» [3]:
Սովորական ուղիղ շարադասության դեպքում նախադասությունը հնչում է հասարակ, սովորական, իսկ շրջուն շարադասությանն դեպքում՝ «ավելի կենդանի ու երաժշտական», ինչպես նկատել է հայ անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանը [1, էջ 532]:
Շարադասության մեջ մեջ մեծ դեր ունի նաև տրամաբանական շեշտը, որն ընդգծում է այն բառը, որն ուզում է շեշտել հեղինակը:
Ա. Պապայանը իր պիեսները մեծ մասամբ գրել է սովորական ուղիղ շարադասությամբ, բայց քիչ չեն նաև շրջուն շարադասության դեպքերը: Բերենք բնագրային օրինակներ.
Ա. Ենթակայի ետադասություն
Նազիկ. - Ձեր մեջ այնքան շուտ է բռնկվում սիրո բոցը, որ չեմ կարող չերկյուղել, թե մեր ամուսնության հենց երկրորդ օրը, մեկ ավելի հրապուրիչին հանդիպելիս, նորից չբոցավառվեք...(ՄՀ, էջ 34):
Բ. Որոշիչի ետադասություն, որը հիմնականում օգտագործել է թատերական ռեմարկներում.
Ներս է մտնում Տիգրանը՝ սակրավոր կապիտանի համազգեստով (ՄՀ, էջ 18):
Դիմացը՝ դեղին տուֆից առանձնատուն՝ լայն պատշգամբով (ԵՎ, էջ 71):
Գ. Ուղիղ խնդրի ետադասություն
Բերենք օրինակ ռեմարկից.
Ներս է մտնում Կարմենը՝ ձեռքին նորաստեղծ մեքենայի մոդելը (ԱԻՉԱԵԱՔԷ, էջ 273):
Դ.Դերբայական դարձվածքի ետադասություն.
Բերենք օրինակ ռեմարկից.
Տարասը կարծես հոգեպես սպանված՝ տարված մռայլ մտքերով, նստած է կոճղի վրա (ՀՄՇ, էջ 593):
Ե. Հատկացուցչի ետադասություն, որ գալիս է գրաբարից: Բերենք բնագրային օրինակներ.
Տաճատ. - Գիտեմ՝ ի պատիվ Սիրանուշի, որ ավարտել է ինստիտուտը, հրավերք է (ԵՎ, էջ 74):
Լուսինյան. - Ի նշան մեր սիրո՝ նա իր որդուն անվանել է իմ անունով, իսկ ես իմ աղջկան տվեցի նրա քրոջ անունը՝ Սիրանուշ (ԵՎ, էջ 81):
Խոսքը ոճական յուրահատուկ նրբերանգ է ստանում, երբ բայական լրացումը գտնվում է օժանդակ բայի և դերբայի մեջև: Ա. Պապայանը դիմելով բայական ստորոգյալի այս կիրառությանը՝ ցանկացել է ընդգծել օժանդակ բայից առաջ դրված անդամը և տրամաբանական շեշտը դրել է հենց այդ անդամի վրա: Բերենք բնագրային օրինակներ.
Վիկտորյա. - Աղջիկս երեխա է, նրանք են խելքից հանել (ԱԱՇԷԵ, էջ 346):
Վարդուհի. - Դու ես ինձ ծանոթացրել նրա հետ (ԱԱՇԷԵ, էջ 349):
Առաջին նախադասության մեջ Ա. Պապայանը ցանկացել է շեշտել նրանք ենթական, այդ պատճառով էլ օժանդակ բայը դրել է նրանից հետո։ Երկրորդ նախադասության մեջ նա դարձյալ շեշտել է ենթական և տրամաբանական շեշտը դրել է դու-ի վրա:
Շարադասության այս ճկունությունն ունեն նաև հարցական նախադասությունները, որոնց դեպքում օժանդակ բայը կամ հանգույցը դրվում է հարցական նշան պարունակող բառերից հետո: Օրիանկ.
Մարգար. - Ո՞րն է այս ստվերը (ԱԱՇե, էջ 323):
Հմայակ. - Ինչի՞ց ես ենթադրում, որ ծնունդ չէ (ՀՀՆծ, էջ 239):
Սիրանուշ. - Եվ ո՞վ է դավադիրը (ԵՎ, էջ 87):
Ցոլակ. - Ինչպե՞ս եք համարձակվում (ԽՊ, էջ 170):
Այսպիսով, սույն հոդվածում ներկայացվեցին հայերենի շարադասության դրսևորման ձևերը և նրանց ոճական արժեքը Արամաշոտ Պապայանի պիեսներում։
Համառոտագրություններ
ԱԱՇԷԵ - Աշխարհն, այո, շուռ է եկել
ԱԻՉԱԵԱՔԷ - Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է
ԵՎ - Երևանյան վարդեր
ԽՊ - Խանդից պատուհաս
ՀՀՆծ - Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին
ՀՄՇ - Հարսանիք մահվան շեմին
ՄՀ - Մեծ հարսանիք
Գրականության ցանկ:
- Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, «Միտք» հրատարակչություն, Երևան, 1965, 699 էջ։
- Բադիկյան Խ. Ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարադասությունը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1976, 200 էջ։
- Խլղաթյան Ֆ․, Ոճաբանական բառարան, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2000, 188 էջ։
- Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։