ՇԱՐԱՀԱՐՈՒԹԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 34(210)
Рубрика журнала: 18. Филология
DOI статьи: 10.32743/26870142.2021.34.210.301238
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ՇԱՐԱՀԱՐՈՒԹԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ // Интернаука: электрон. научн. журн. 2021. № 34(210). URL: https://internauka.org/journal/science/internauka/210 (дата обращения: 22.12.2024). DOI:10.32743/26870142.2021.34.210.301238

ՇԱՐԱՀԱՐՈՒԹԱՄԲ ԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

Ասպիրանտ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

Սույն հոդվածում քննվում են շարահարությամբ կապակցված այն բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են համաժամանակյա հարաբերություններ հայոց լեզվում։

Բանալի բառեր. բարդ նախադասություն, շարահարություն, թվարկում, համաժամանակություն (միաժամանակություն)։

Սույն հոդվածի նպատակը  շարահարությամբ կապակցված այն բարդ նախադասությունների ուսումնասիրությունն է, որոնք արտահայտում են համաժամանակյա հարաբերություններ։ Ուսումնասիրության համար նյութ են դարձել գեղարվեստական գրականությունից քաղված բնագրային օրինակները։

Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մենք բազմիցս հանդիպել ենք թվարկման հարաբերություններ արտահայտող այնպիսի բարդ նախադասությունների, որոնք արտահայտում են համաժամանակյա հարաբերություններ։

Համաժամանակյա հարաբերություններ արտահայտող բարդ նախադասություններն արտաբերվում են թվարկման հնչերանգով։ Ըստ Ն Պառնասյանի՝ թվարկման հնչերանգի դեպքում անշաղկապ բարդ նախադասության մասերը պարունակում են բնության առանձին երևույթների, իրողությունների մասին հաղորդումների թվարկում և շարահյուսորեն հավասարազոր են, ու այն բնորոշվում է բազմանդամությամբ, յուրաքանչյուր մասի վերջում և հաջորդի սկզբում ձայնի տոնի բարձրացումով և նրանց միջև եղած փոքր դադարներով [4, էջ. 13]։

Թվարկում և համաժամակություն արտահայտող շարահարական բարդ նախադասությունները ցույց  են տալիս այնպիսի գործողություններ, որոնք կատարվում են միաժամանակ: Այդպիսի կառույցներում սովորաբար օգտագործում են սահմանական եղանակի անկատար ներկայի, անկատար անցյալի, անցյալ կատարյալի ժամանակաձևերը։ Կարող են արտահայտվել նաև այլ ժամանակաձևերով։ Միաժամանակություն կարելի է արտահայտել ոչ միայն ներկա և անցյալ ժամանակաձևերով, այլ նաև ապառնի ժամանակաձևերով։ Եթե բարդ նախադասության մեջ առաջին նախադասությունը ներկա  ժամանակով է, ապա միաժամանակություն արտահայտելու համար նրան հաջորդող մյուս նախադասությունները նույնպես ներկա ժամանակով են օգտագործվում: Բերենք բնագրային մի օրինակ.

Արտույտներն ուրախ մեր սերն են երգում,

Հովերը կարծես համբուրում են մեզ,

Արևը սարին գլուխ է թեքում,

Բարդի ծառի տակ սպասում եմ քեզ [6, էջ 29)։

Բերված բնագրային օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է։ Այն կազմված է չորս բաղադրիչ նախադասություններից և արտաբերվում է թվարկման հնչերանգով։ Ինչպես ցույց է տալիս բերված օրինակը, բաղադրիչ նախադասությունների ստորոգյալները դրված են սահմանական եղանակի անկատար ներկայով և արտահայտում են գործողությունների համաժամանակություն։

Իսկ եթե բարդ նախադասության մեջ առաջին նախադասությունը անցյալ ժամանակով է դրված, ապա թվարկում և համաժամանակություն արտահայտելու համար նրան հաջորդող մյուս նախադասությունները նույնպես անցյալ ժամանակով պետք է օգտագործվեն։: Բերենք բնագրային մի օրինակ.

Գարունն եկավ ծաղկավառ,

Բազմեց ամառն իր գահին,

Սիրտն աղջկա դարձավ քար,

Մոռացավ այն տղային [6, էջ 386)։

Վերոհիշյալ օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է։   Այն բաղկացած է չորս բաղադրիչ նախադասություններից, որոնք արտաբերվում են թվարկման հնչերանգով։ Բաղադրիչ նախադասությունների ստորոգյալները դրված են սահմանական եղանակի  անցյալ կատարյալ ժամանակով և արտահայտում են գործողությունների համաժամանակություն։

Համաժամանակություն կարելի է արտահայտել ոչ միայն հաստատական, այլև ժխտական խոնարհմամբ։ Բերենք բնագրային մի օրինակ․

Չէր շնկշնկում  հովը, թռչունները չէին ճռվողում, չէին տարուբերվում ծառերի կատարները, խոտերը իրար չէին գալիս, իրար չէին գալիս արտերը [5, էջ 69)։

Ինչպես տեսնում ենք, հետևյալ նախադասությունը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է։ Այն բաղկացած է հինգ բաղադրիչ նախադասություններից, որոնք արտաբերվում են թվարկման հնչերանգով, բաղադրիչ նախադասությունների ստորոգյալները արտահայտված են սահմանական եղանակի անկատար անցյալի ժխտական ձևերով և արտահայտում են գործողությունների համաժամանակություն։

Եթե բարդ նախադասության մեջ առաջին նախադասությունը ապառնի ժամանակով է, ապա թվարկում և համաժամանակություն արտահայտելու համար նրան հաջորդող մյուս գործողությունները նույնպես ապառնի ժամանակով պետք է դրվեն: Բերենք բնագրային մի օրինակ.

Նորից դառնալու են գարնան թռչունները,

Նորից երգելու են ճյուղքին,

Նորից դյութելու են նրանց հնչյունները [6, էջ 117)։

Ինչպես երևում է, բերված բնագրային օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, որը բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից, որոնց ստորոգյալները դրված են սահմանական եղանակի կատարելի ներկա  ժամանակաձևով և արտահայտում է գործողությունների համաժամանակություն։  Համաժամանակություն արտահայտում են նաև բարդ նախադասության մեջ մտնող տարբեր քերականական ժամանակներ ունեցող ստորոգյալները, այսինքն՝ միևնույն բարդ նախադասության մեջ կարող են կիրառություն գտնել սահմանական եղանակի անցյալ ժամանակներով տարբեր ստորոգյալներ: Բերենք մի բնագրային օրինակ.

Երգչուհին ուշաթափվում էր, աչքերի բիբերը ծռվել էին դեպի վեր, շրթունքները կպել էին ատամներին [7, էջ 96):

Ինչպես երևում է, այս բնագրային օրինակը բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից և արտաբերվում է թվարկման հնչերանգով։ Առաջին բաղադրիչ նախադասության ստորոգյալը դրված է սահմանական եղանակի անկատար անցյալ ժամանակաձևով, իսկ երկրորդ և երրորդ բաղադրիչ նախադասությունների ստորոգյալները՝ սահմանական եղանակի վաղակատար անցյալով։

Ըստ Վ Առաքելյանի՝ միաժամանակություն կարող են արտահայտել անվանական և սրանց հետ միասին բայական ստորոգյալները [1, էջ 366] (ընդգծումը մերն է – Ս․ Հ․)։ Բերենք բնագրային օրինակներ.

Մութ է, անձրև է գալիս [3, էջ 3): Եղանակը պարզ էր, օդը ջերմ,  լուսամուտները բաց [7, էջ 27):

Վ Առաքելյանը նաև նշում է, որ միաժամանակություն արտահայտող բարդ ամբողջության առանձին նախադասությունները ցույց են տալիս այնպիսի գործողություններ, որոնք միաժամանակ կամ միատեղ են կատարվում [1, էջ 365] (ընդգծումը մերն է – Ս․ Հ․)։

Ըստ նրա՝ սահմանական եղանակի միաժամանակությունը կարող է լինել լրիվ և մասնակի [1, էջ. 299]։ Լրիվ միաժամանակության դեպքում համադասության երկու կամ ավելի մասերի ստորոգյալների գործողություններն սկսվում են միաժամանակ և ապա շարունակվում, իսկ մասնակի միաժամանակության դեպքում բարդ համադասական նախադասությունների բաղադրիչներից մեկի ստորոգյալի գործողությունը արտահայտվում է  տևական, մշտակատար ժամանակով, իսկ մյուս ստորոգյալի գործողությունը կատարվում է վայրկենական և մտնում է այդ տևական, մշտակատար  գործողության մի որևէ պահի մեջ։

Ըստ Վ Առաքելյանի՝ միաժամանակություն կարող է արտահայտել ներկա ժամանակով դրված ամեն մի ստորոգյալ՝ լինի դա թե՛ բայական, թե՛ անվանական, թե՛ պարզ, թե՛ բաղադրյալ կամ էլ արտահայտված լինի գլխավոր ու երկրորդական ժամանակներով [1, էջ 300]։ Նա նաև նշում է, որ այս բոլոր ստորոգյալները փոխադարձաբար կարող են միմյանց  հետ կիրառվել և արտահայտել միաժամանակյա հարաբերություններ։

Թվարկման ժամանակ շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների  կառուցվածքը բաց է, Նրա մեջ մտնող բաղադրիչ նախադասությունների թիվը սահմանափակված չէ և արտաբերվում է թվարկման հնչերանգով և գոյություն ունի դիմավոր բայերի եղանակաժամանակային ձևերի համապատասխանություն։ Բաղադրիչ նախադասությունները կառուցվում են զուգահեռությամբ։ Գրավոր խոսքում բաղադրիչ նախադասությունների միջև դրվում է ստորակետ, իսկ բանավոր խոսքում  արտաբերվում են թվարկման  հնչերանգով։ Թվարկման հարաբերություն արտահայտող նախադասություններում մեծ է նաև շարադասության դերը։ Շարադասության միջոցով շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասություններին, կարող են փոխակերպվել շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների, որոնք համապատասխանում  են զոդվածով կապակցված բարդ ստորադասական նախադասություններին։  Բերենք մի բնագրային օրինակ.  

Գարունը բացվել էր, օրերը տաքացել էին [2, էջ 18)։

Ինչպես երևում է վերոհիշյալ օրինակից՝ այս նախադասությունը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է և արտահայտում է թվարկման հարաբերություն, որը համապատասախանում է բարդ համադասական նախադասությանը։ Եթե մենք այն վերածենք զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասության, ապա կարելի է տեղադրել և, ու համադասական շաղկապները։

Գարունը բացվել էր, և օրերը տաքացելէին։

Իսկ եթե մենք տեղափոխենք բաղադրիչների շարադասությունը, ապա բարդ համադասական նախադասությունը կվերածվի բարդ ստորադասական նախադասության, և  կարելի է ավելացնել քանի որ կամ որովհետև ստորադասական շաղկապները։

Օրերը տաքացել էին, քանի որ գարունը բացվել էր։

Այսպիսով, ոււսումնասիրելով շարահարությամբ կապակցված համաժամանակյա հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները, մենք եկանք այն եզրակացության, որ գործողությունների հանաժամանկության հարաբերություններ կարելի է արտահայտել ինչպես սահմանական եղանակի բոլոր ժամանակներով, այնպես էլ  հրամայական, ըղձական, պայմանական, և հարկադրական եղանակներով։ Այդպիսի կառույցները ունեն բաց կառուցվածք, բաղադրիչ նախադասությունների թիվը սահմանափակ չէ, արտաբերվում են թվարկման հնչերանգով, ունեն ազատ շարադասություն, տեղի է ունենում դիմավոր բայերի եղանակաժամանակային ձևերի համաձայնեցում, բաղադրիչ նախադասությունները կառուցված են զուգահեռականության սկզբունքով։ Գրավոր խոսքում բաղադրիչ նախադասությունները անջատվում են ստորակետով, իսկ բանավոր խոսքում՝ թվարկման հնչերանգով։

 

Գրականության ցանկ:

  1. Առաքելյան Վ.Դ․, Հայերենի շարահյուսություն, հ. Բ, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1964, 467 էջ։
  2. Զարյան Ն․, Երկերի ժողովածու 4 հատորով, հ․4, Երևան, «Սովետական գրող», 1985, 728 էջ։
  3. Հովսեփյան Բ., Ընտիր երկեր, 2 հատորով, հ․ 2, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1988, 584 էջ։
  4. Պառնասյան Ն. Ա., Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում, «Լեզվի և ոճի հարցեր» հ. 2, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1964, էջ 5 – 153։
  5. Սահինյան Ա., Ծարավ, Գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1955, 489 էջ։
  6. Սարյան Գ․, Երկեր, Երևան,  Հայպետհրատ, 1956, 552 էջ։
  7. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․3, Երևան, Հայպետհրատ, 1959, 535 էջ։