ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 10(233)
Рубрика журнала: 18. Филология
DOI статьи: 10.32743/26870142.2022.10.233.335674
Библиографическое описание
Հարությունյան Ս.Ա. ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ // Интернаука: электрон. научн. журн. 2022. № 10(233). URL: https://internauka.org/journal/science/internauka/233 (дата обращения: 25.12.2024). DOI:10.32743/26870142.2022.10.233.335674

ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հարությունյան Սուսաննա Ալեքսանդրի

հայցորդ, Երևանի պետական համալսարան,

Հայաստան, ք. Երևան

 

REDUPLICATIVE WORDS IN ARAMASHOT PAPAYAN'S PLAYS

Susanna Harutyunyan

Postgraduate student, Yerevan State University,

Armenia, Yerevan

 

ԱՆՈՏԱՑԻԱ

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել հայերենի կրկնավոր բարդությունները Արամաշոտ Պապայանի պիեսներում։

ABSTRACT

The purpose of this article is to study the reduplicative words in Aramashot Papayan's plays.

 

Ключевые слова: Արամաշոտ Պապայան, կրկնավոր բարդություն, կրկնություն, հնչյունափոխությամբ կրկնավոր բարդություն։

Keywords: Aramashot Papayan; reduplicative word; repetition; reduplicative word with sound change.

 

Ժողովրդական խոսքին բնորոշ բառակազմական միջոցներից են կրկնավոր բարդությունները կամ կրկնությունները, որոնցով արտահայտվում են հատկանիշի սաստկություն, բազմակիություն, ընդգծվում են տրամադրությունն ու միտքը: «Կրկնավորները նույն բառի կրկնությամբ կազմված հարադրական բարդություններն են, որոնք վերլուծական բարդության ամենապարզ տեսակն են և ծնունդ են առել լեզվի զարգացման վաղ անցյալում» [1, էջ 189]։

Արամաշոտ Պապայանի պիեսներում բազմաթիվ են նման բարդությունները: Բերենք բնագրային օրինակներ.

Շավարշ. - Կոպտիր, կոպտիր, այդ քնքուշ-քնքուշ խոսելդ է, որ տունս քանդեց (ՄՀ, էջ 24): 

Սուրեն. - Շուտ-շուտ եկեք մեզ մոտ հյուր (ՄՀ, էջ 25)։

Նազիկ. - Որ ձեզ մոտ շուտ-շուտ հյուր գամ (ՄՀ, էջ 25):

Լուսինյան. - Դե լավ, գնանք մի-մի բաժակ բարձրացնենք ու գնանք քնենք (ԵՎ, էջ 99):

Վերոհիշյալ բարդությունները միևնույն բառով կազմված կրկնություններ են, որոնք ցույց են տալիս առարկայի կամ գործողության վիճակ: Երբեմն միևնույն նախադասության մեջ օգտագործում է մեկից ավելի կրկնություններ: Բերենք բնագրային օրինակ.

Կարմեն. - Տաք-տաք վաննայում լողանում էի, տկլոր-տկլոր հանեցին բերին միջանցքում, կես ժամ կանգնեցրին, հետո էլ թե սապոնված ես-սապոնված չես` շորերդ հագիր ու թռիր (ՀՀՆԾ, էջ 239):

Պիեսներում օգտագործված բարդություններից են նաև չարաչար (ԽՊ, էջ 154), հազիվհազ (ԵՎ, էջ 83), մեկնումեկը (ԱԱՇԷԵ, էջ 376): Բերենք մի քանի բնագրային օրինակ.

Արմեն. - Այո, տպեք, որ չարաչար սխալվել եմ, զղջացել եմ, որ եկել եմ հայրենիք (ԵՎ, էջ 107):

Վարշամ. - Է՛, ճառ մի ասա… Էս արդեն քանի՞ աթոռ փոխեցիր: Մեկնումեկը մեջքիդ չկպա՞վ… (ԱԱՇԷԵ, էջ 376):

Արամաշոտ Պապայանի պիեսներում քիչ չեն նաև հնչյունափոխությամբ կրկնավորները: Այս կարգի բարդություններում հնչյունափոխվում կամ հնչյունի կորուստ է կրում կրկնվող բաղադրիչներից մեկը կամ էլ բաղադրիչների միջև առաջանում է հավելյալ հնչյուն [3, էջ 273]: Հնչյունափոխությամբ կրկնավոր բարդություններն են՝

1. Կրկնավոր բարդություն՝ առաջին բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի կորուստով: առոք-փառոք (ԵՎ, էջ 116). Առոք-փառոքի գրաբարյան ձևը եղել է փառոք-փառոք, առաջին բաղադրիչի փ-ն ընկել է: Բերենք մի բնագրային օրինակ.

Սամսոն. Կայարանապետը հոգի մարդ էր, տուն տարավ, պատվեց ու առոք-փառոք ճամփու դրեց (ԵՎ, էջ 116):

2. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի փոփոխմամբ: քիչ-միչ (ՀՀՆԾ, էջ 245), ծնունդ-մնունդ (ՀՀՆԾ, էջ 245), շոֆեր-մոֆեր (ՀՀՆԾ, էջ 193), ձեռք-մեռք (ԽՊ, էջ 130), ծռտի-պռտի (ԵՎ, էջ 104), թռի-վռի (ԵՎ, էջ 77), վնաս-մնաս (ՍԹ, էջ 149), գործարան-մործարան (ԱՓ, էջ 473): Բերենք բնագրային օրինակ. 

Զուլֆո. - Ուլտիմատում-մուլտիմատում Զուլֆոն չգիտե (ԱԻՉԱԵԱՔԷ, էջ 289):

3. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի ձայնավորի փոփոխմամբ:  հայ-հույ (ՀՀՆԾ, էջ 192), համով-հոտով (ԱՓ, էջ 458): Բերենք բնագրային օրինակ.

Միսակ. - Ի՞նչ է, տունը վատացա՞վ այդ մի քանի մանր-մունր պակասությունների պատճառով  (Մ, էջ 193):

4. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի ձայնավորի հավելումով: Օրինակ.

Մամիկոն. - Հետո, մասամբ էլ մեղադրիր մեր բժիշկներին, որոնք իրենց չոր, բյուրոկրատական անտարբերությամբ ու սխալ դիագնոզներով այնպես են հուսահատեցնում հիվանդներին, կամա-ակամա գնում ընկնում են Մացո կոչեցյալների ճանկը (ՍԹ, էջ 136):

5. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի չ բաղաձայնի հավելումով։ կա-չկա (ՀՀՆԾ, էջ 240), ուզես-չուզես (ՀՀՆԾ, էջ 230), սիրեն-չսիրեն (ԵՎ, էջ 103), իմանա-չիմանա (ՀՀՆԾ, էջ 227), վերցնենք-չվերցնենք (ԿՀ, էջ 64): Բերենք բնագրային օրինակներ.

Մամիկոն. - Էն ի՞նչ է, Մացո քեռի, կա-չկա անմահական դեղդ է (ՍԹ, էջ 138):

Հակոբ. - Իմանա-չիմանա, ես նրան արդեն գործից հանեցի (ՀՀՆԾ, էջ 227):

Այսպիսով, Արամաշոտ Պապայանի օգտագործած կրկնավոր բարդություններն օժտված են հուզաարտահայտչական մեծ լիցքով, որի շնորհիվ ամբողջ նախադասությունը, խոսքը դառնում է արտահայտիչ և հուզական:

 

Համառոտագրություններ

ԱԱՇԷԵ - Աշխարհն, այո, շուռ է եկել։

ԱԻՉԱԵԱՔԷ - Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է։

ԱՓ - Արտասահմանյան փեսացու:

ԵՎ - Երևանյան վարդեր։

ԽՊ - Խանդից պատուհաս։ 

ԿՀ - Կենդանի հանգուցյալ:

ՀՀՆծ - Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին։

ՄՀ - Մեծ հարսանիք։

Մ - Մանրուք։

ՍԹ - Սիրտը թակարդում:

 

Գրականության ցանկ:

  1. Եզեկյան Լ.Կ․, Հայոց լեզու, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2005, 398 էջ։
  2. Պապայան Արամաշոտ, Մեծ հարսանիք, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1987, 631 էջ։
  3. Սուքիասյան Ա. Մ. Ժամանակակից հայոց լեզու, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1989, 400 էջ։