ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆ
Այվազյան Գևորգ Սամվելի
պ.գ.թ., գիտաշխատող ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն,
Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի
ИСТОРИЯ ШКОЛ АЛЕКСАНДРОПОЛЯ В ВОСПОМИНАНИЯХ УЧЕНИКОВ: ТИГРАН РАШМАДЖЯН
Айвазян Геворг Самвелович
канд. ист. наук, науч. сотр., Ширакский центр арменоведческих исследований НАН РА,
Республика Армения, г. Гюмри
THE HISTORY OF ALEXANDRAPOL SCHOOLS IN THE MEMOIRS OF STUDENTS: TIGRAN RASHMAJYAN
Gevorg Ayvazyan
PhD in History, Researcher, Shirak Center for Armenological Studies of NAS RA,
Republic of Armenia, Gyumri
ԱՆՆՈՏԱՑԻԱ
Ներկայացվող արխիվային նյութը մի դրվագ է հայտնի մանկավարժ Տիգրան Ռաշմաճյանի (1862-1946) հուշերից, որոնք վերաբերում են Ալեքսանդրապոլում նրա ուսումնառության նախնական շրջանին: Այն գրված է պարզ լեզվով և խորաթափանց ականատեսի սպիացած հուզականությամբ:
Ընթերցողին ՀՍԽՀ վաստակավոր ուսուցիչն (1945թ.) իր մանկական հիշողություններով տանում է 1860-1870-ական թվականներ՝ հայկական դպրոցների բարեփոխումների ժամանակաշրջան: Տողատակում մտահասուն հեղինակը ներկայանում է որպես խորհրդահայ կրթական իրողության համակիր:
АННОТАЦИЯ
Представляемый архивный материал является частью мемуаров известного педагога Тиграна Рашмаджяна (1862-1946), которые относятся к начальному периоду его учебы в городе Александрополь (сейчас известный как Гюмри). Она написана простым языком и зарубцевавшейся эмоциональностью очевидца.
Заслуженный учитель Армянской ССР (1945) своими детскими воспоминаниями читателя уносит в 1860-1870-е годы - период армянских школьных реформ. Автор представляется сторонником советской армянской системы образования.
ABSTRACT
The presented archival material is part of the memoirs of the famous teacher Tigran Rashmajyan (1862-1946), which relate to the initial period of his studies in the city of Alexandropol (now known as Gyumri). It is written in simple language and with the healed emotionality of an eyewitness.
Honored Teacher of the Armenian SSR (1945) with his childhood memories takes the reader to the 1860-1870s - the period of Armenian school reforms. The author presents himself as a supporter of the Soviet Armenian education system.
Բանալի բառեր՝ նոր դպրոց, վարպետ, կարդալ, տատ, սրճարան, դասագիրք, անկարգություն:
Ключевые слова: новая школа; мастер; читать; бабушка; кафе; учебник; беспорядок.
Keywords: new school; master; read; grandmother; cafe; textbook; mess.
Տիգրան Ռաշմաճյանը ծնվել է Ալեքսանդրապոլում թիթեղագործ Հակոբի ընտանիքում: Սովորել է սկզբում Հարություն Շարբաթյանցի, ապա՝ Հարություն Մատինյանի մասնավոր դպրոցներում: 1874-1882թթ. եղել է Ալեքսանդրապոլի Հոգևոր վիճակային դպրոցի սան: Ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1886-1888թթ. դասավանդել է հայրենի քաղաքի եկեղեցական-ծխական դպրոցներում: Լայպցիգի և Ենայի նշանավոր համալսարաններն ավարտելուց հետո [6,3] որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Երևանի թեմական (1896-1898), Թավրիզի Լիլավա թաղի Հայկազյան-Թամարյան (1898-1903), Բաքվի Նավթարդյունաբերության ընկերության (1903-1905), Ալեքսանդրապոլի Սբ Փրկչի (1905-1907), Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց (1907-1910), Ալեքսանդրապոլի Արղության օրիորդաց (1915-1916), Երևանի Գայանյան օրիորդաց (1916-1920) և Երևանի երկրորդ աստիճանի (միջնակարգ) (1929-1932) դպրոցներում [1,1]: Բազմանդամ ընտանիքի հայրը 1910-1915թթ. եղել է Երևանի թեմի դպրոցների մի մասի տեսուչը: 1921-1923թթ. Նոր Բայազետում, Երևանում և Ալեքսանդրապոլում ղեկավարել է ամառային մանկավարժական դասընթացները: 1921թ. սկսած մանկավարժություն և հոգեբանություն առարկաներն է դասավանդել Երևանի մի շարք «բարձրագույն դպրոցներում». պետհամալսարան, մանկավարժական ինստիտուտ, կոնսերվատորիա:
1908-1910թթ. Արտաշես Աբեղյանի, Ս.Աբովյանի, Իսահակ Հարությունյանի և Հովհաննես Տեր-Միրաքյանի հետ միասին եղել է «Նոր դպրոց» ամսագրի խմբագրական կազմի անդամ: Նշված պարբերականում նա հիմնականում հանդես է եկել հոգեբանության հարցերին նվիրված հոդվածներով [9, 148]: Իր դասընկերներ Արշակ Չիլինկարյանի և Ավետիք Իսահակյանի հետ Թիֆլիսում 1909թ. հրատարակել է «Դասընկեր» այբբենարան-ընթերցարանը:
Տ. Ռաշմաճյանի «Հուշեր` Ալեքսանդրապոլի խալիֆայական դպրոցների և նրանում անցկացրած աշակերտական տարիների մասին» հուշագրությունը նշանավոր ալեքպոլցիների գրական և մանկավարժական անտիպ ժառանգություն շարքից է: Ալեքսանդրապոլի, և առհասարակ, XIX դարի հայ կրթամշակութային կյանքի ուսումնասիրության համար այն հավակնում է ունենալ գիտաճանաչողական մեծ նշանակություն:
Նոթերն արդիական են և՛ որպես առօրեականության պատմություն, և՛ որպես չհրատարակված վավերագրություն:
Արխիվային այս փոքրիկ, սակայն, արժեքավոր միավորը ներկայացնելու համար ընտրվել է փաստաթուղթը չձևախեղելու, այն հեղինակի ողջ գիտամանկավարժական գործունեության ծիրում դիտարկելու մեթոդը:
Աշխատանքի արդյունքը հետազոտողներին Ալեքսանդրապոլի անցյալին վերաբերող ուշագրավ մի պատկերի էկո մատուցումն է:
Գործը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԱ) «Տիգրան Հակոբի Ռաշմաճյան» ֆոնդում 25 թվահամարի ներքո (22 էջ): 1-ից 18-րդ էջերը գրված են 1919թ. հունվար-փետրվար ամիսներին, իսկ շարունակությունը՝ 1940թ. մարտի 8-ին, որը և տրված է ստորև:
Հուշագրողն իր տպավորությունները շարադրել է տաղանդավոր վիպասան Րաֆֆու «Մեր լուսաւորիչները» հրապարակախոսական հոդվածի ոճով [8]: Եթե Րաֆֆին տեր-Թոդիկի կերպարում ծաղրել է Թավրիզի դպրոցի գլուխ կանգնած հոգևորականությանը [5, 9], ապա աշակերտական սեղանի մոտ նստած փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1896) Ռաշմաճյանի ասելիքը տուրք է հարազատ քաղաքին և Խորհրդային Հայաստանի «կուլտուրական շինարարությանը»:
Փակագծերում տրված ծանոթագրությունները հեղինակային են: Պահպանել ենք տեքստի լեզվային առանձնահատկությունները: Ըստ անհրաժեշտության կատարել ենք միայն կետադրական շտկումներ:
Նկ. 1. Տիգրան Ռաշմաճյան Նկ. 2 Արշակ Չիլինկարյան
***
«…Իմ գրաճանաչությունը սկսվել է խալիֆայական դպրոցներից: Չնայած որ Ալեքսանդրապոլում 1840 թվից տղաների համար կային բարեկարգ համարվող յերկու դպրոց. մեկը՝ պետական գավառական դպրոց (5-6 ամյա դասընթացով) և մյուսը՝ վիճակային հոգևոր դպրոց։ Խալիֆայական շնչով ու գրաբար լեզվով սա 60 թվականների վերջին իր բարեփոխումներով ու աշխարհիկ լեզվով սկսել է մոտենալ նոր տիպի դպրոցին (առաջադեմ մանկավարժական մեթոդներ գործադրող դպրոց- Գ.Ա.)։
Մինչև 60-ական թվականների վերջերը ու 70-ական թվականների սկիզբը Ալեքսանդրապոլում բավականին տարածված էին խալիֆայական մանրիկ և մի քանի էլ քիչ-շատ մեծ դպրոցներ։ Ամեն մի տիրացու, ամեն մի տերտեր (քչերն էին բացառություն կազմում) 10-15 երեխա յեր հավաքում իր տան մութ ու խոնավ անկյունում, ինչպես ասում եյին, «կարտալ» էր սովորեցնում։ Սա ապրուստի մի միջոց էր. յուրաքանչյուր երեխայից ստանում էր ամսական 20-50 կոպեկ (այս էր այն ժամանակվա ուսման վարձի չափը խալիֆայական դպրոցներում, ինչ էր սովորեցնում և ինչպես, դա իր գործն էր ոչ ոքի պատասխանատու չէր): Աղջիկները նույն պայմաններում կարտալ էին սովորում գրագետ կանանց («վարպետ» կոչվող) մոտ, որոնց թիվը շատ և շատ քիչ էր. մի երկուսը ոչ ավելի (քանի որ աղջիկների գրագիտություն սովորեցնելը բոլորովին ավելորտ էր համարվում): Յես ընկայ վոչ թէ տնային, այլ խալիֆայական (խոշոր, մեծ) դպրոցներից մեկը։
1870 թ. էր։ Յես արդեն տառնում էի 8 տարեկան։ Մի օր տատս ձեռքիցս բռնած ինձ տարավ մեր տանից 10-15 քայլ հեռու գտնվող խալիֆայական դպրոցը վըխգրենց տիրացու Հարությունի (Շարբաթյանց-Գ.Ա.) դպրոցը։ Դուռը բացինք, իջանք 3-4 աստիճաններով սանդուխքը։ Մեր առաջ բացվեց փոսն ընկած մութ, ցածլիկ, մի փոքրիկ սենյակ. տղաներով լեփլեցուն էր սենյակը։ 30-ի չափ կային բոլորը իմ հասակի, ինձանից մի քիչ մեծ և ավելի մեծերը՝ մինչև 15 տարեկան։ Շարժվելու տեղ գրեթէ չկար։ Սենյակի գլխին՝ աթոռակի (տաբուրէտ) վրա, բազմել էր վարժապետը մի խարխուլ սեղան առաջին. խալիֆան մոտ 50 տարեկան մարդ էր։ Աչքի տակով հետևում էր աշակերտներին։ Յես մի տեսակ զարմացած չորս կողմս էի նայում չէ թէ սենյակի այնքան լուսավոր չլինելու վրա էի ապշած, վոչ յերբէք (մեր տունն էլ այդպէս մթնավուն էր, դա նորություն չէր ինձ համար)։ Նորը և զարմանք պատճառողը այն էր, որ մի տեսակ վըլվըլոց, խուլ ձայներ էին լսվում. հետո իմացա, որ ամեն մեկը իր տասն էր սերտում կամ դասն էր սովորում։ Տատս խօսեց վարժապետի հետ, թե ինչ, չգիտեմ։ Վարժապետը համաձայնեց ու նշանակեց, որ հետևյալ օրը առավոտյան գամ վարժատուն։ Մենք հեռացանք։ Մյուս օրը վարժապետը ինձ տվեց թիակի նման մի փոքրիկ տախտակ երկու ձեռքի մեծության, կոթն էլ մի մատ երկարության։ Տախտակի վրա կպցրած էր գրված թուղթ. թղթի ճակատին խաչ էր նկարված և տակը գրված էր «Խաչ օգնեա ինձ», այնուհետև գալիս էր այբուբենը: Տախտակն իմ առաջին ու միակ տասագիրքն էր: Վարժապետը տաս տվեց: Ամեն անգամ կարդալիս առաջ պիտի ասեի Խաչ օգնեա ինձ և հետո սկսեցի կարտալ տառերն իրենց անուններով։ Անցան շաբաթներ, ամիսներ, դեռ իմ ձեռքին տախտակներ։ Հենց 2-3 շաբաթից հետո սկսեցի հաճախակի փախչել վարժատնից։ Ոչինչ չէր գրավում ինձ։ Հա միևնույն բանը անվերջ կրկնել, անմիտ անհասկանալի անուններ ասել, այդ անուններն իրենց նշաններով միտը պահել մինչև կսովորես ամբողջ այբուբենը սոսկալի էր։ Ամբողջ օրն այդ տեսակ անհրապոյր պարապմունքի մեջ եյի։ Առավոտից մինչև արևի մայր մտնելը լինել մութ ու խեղդող սենյակում, միայն կեսօրվա հանգստի մի երկու ժամով տուն գնալը չէր օգնում, ինչպես ինձ, այնպես էլ բոլոր աշակերտներին։ Ամեն օր ականատես լինել խալիֆայական դպրոցի «զարտ» կազմող ֆիզիքական բարբարոս պատիժներին, ինչպիսին էին «ֆալախկան» (թոկ՝ երկու ծայրը մի ձողի վրայ ագուցված, որի մէջ մէկի զոյգ ոտները կաշկանդելով վեր են բարձրացնում գաւազանի հարուածներ տալու համար) [3, 478], թաթը (քանոնով կամ ճիպոտով ձեռքին խփելը) «հատակին չոքեցնելը» և այլն թէ՛ զզվելի և թէ՛ սպանիչ էին։ Երբ փախչում էի, բարձրանում էի մեր տան կտուրը։ Վազելու, խաղալու տեղն ընդարձակ էր։ Մի քանի հարևան տներ կպած էին մեր տանը, կտուրներն էլ մեր կտուրին հարթ ու հավասար։ Երբեմն մենակ, շատ անգամ ընկերների հետ խաղում, վազվզում էինք։ Ուրախ ու զվարթ էինք, օտը մաքուր, լույս ու պայծառ աշխարհ։ Խեղճ պասով տատս կտուրներում հետևիցս ընկած կանչում էր, հա կանչում «շան զյուռիատ (արաբ. պարսկ. zaher «երևելի, բացորոշ») իւրային, տոհմակից [10, 72]), արի գնա վարժատուն, վախթն (ժամանակ - Գ.Ա.) անցավ»։ Այսպես ամիսներ անցան վերջապէս իմ ձեռքը տվին խալիֆայական դպրոցի այբբենարան-ընթերցարան՝ «Քերական» (գրագիտութիւն սովորելու առաջին ձեռնարկ, այբբենարան [3, 569]) անունով։ «Քերականի» առաջին յերեսին էլ կար «խաչ օգնեա ինձ» և, ապա այբուբենը (սրան հետևող տառային ցանկեր, տառերի այլ կապակցություններ, բառեր ու նախադասություններ): Սա խալիֆայական դպրոցի «մանկավարժական իմաստություն» մարգարիտն էր։ Տանջանքներով, ձանձրությամբ, ամիսներ շարունակ առանց մի բան հասկանալու, առանց տարրական գիտելիքներ ձեռք բերելու` տիրանալ այբուբենին, ճանաչել լոկ տառեր, հետագայում՝ գիրկապ անելով կարդալ անմիտ վանկեր, անհասկանալի բառեր ու նախադասություններ և վերջապէս՝ տասնյակ տարիների չարչարանքով սովորել քիչ շատ գիտակցորեն կարդալ, մի բան հասկանալ։ «Քերականի» այբուբենին հետևում էր տարբեր տառերի (միավոր, տասնավոր, հարյուրավոր և հազարավոր) միավորումով վարժություններ։ Յերեք տարին անցնում էր դեռ յես «Քերական» եյի կարդում։ Չորրորդ տարվա սկզբին ինձ տվին պստի սաղմոս (սաղմոսից քաղած որոշ կտորներ գիրկապ անելով մեքենաորեն կարտում, բան չէի հասկանում): Մինչև այժմ գրելու մասին խոսք չկար, միայն յերեք տարի անց լոկ տառեր գրելու օրինակներ տվեց վարժապետը. խալիֆայական դպրոցը այտքան չնչին բան էր սովորեցրել ինձ։ Այդ դեռ ոչինչ: Ուզում էր նաև անմասն չթողնել իր ֆիզիքական պատիժներից։ Եվ ինչո՞ւ։ Մի աշակերտ, գրեթե ինձ հասակակից, իրեն թույլ էր տալիս վիրավորական խոսքեր շպրտել սրան, նրան և ինձ ու իմ մոտիկ յերկու ընկերին։ Ահա մի օր կեսօրին տուն գնալիս ճանապարհին դորան բռնեցինք մի լաւ պատժեցինք։ Կեսօրվա հանգստից հետո, երբ վարժատուն վերադարձա, տեսա որ իմ մոտիկ ընկերներից մեկին ֆալախկայի յեն կապել։ Ձայներ, որ ես էլ պիտի ֆալախկա ուտեմ։ Գիրքս չանթայով (պայուսակ) հազիվ թէ տրել էի սեղանի վրա, իսկոյն վերցրի ու մեծ թափով դուրս յեկա և էլ երբէք չվերադարձա այդ դպրոց։ Հայրս ու մայրս (բոլոր տանեցիները) որոշեցին ինձ էլ ուղարկել Կուլիի (Հարություն Մատինյան. թուրք. kul ստրուկ. սստծո ծառա [7, 292]) վարժատունը, որտեղ սովորում էր իմ մեծ եղբայրը (Հովհաննեսը՝ չորս տարով մեծ ինձանից): Կուլիի վարժատունը բավական համբավ ուներ Ալեքսանդրապոլում։ Սա մի փոքր ուրախացրեց ինձ, բայց ամենից շատ ուրախ էի, որ եղբորս հետ պիտի գնամ սովորելու։ Մի քանի օր անց (երբ հայրս խոսել էր Կուլիի հետ) առավոտ վաղ եղբորս յետ միասին գնացինք վարժատուն։ Այս դպրոցը առաջինից մեծ էր 4-5 անգամ, առաստաղը բարձր. պատերը սպիտակացրած և բավականին լուսավոր, ընդարձակ սենյակ էր։ Սա առաջուց յեղել է սրճարան պատերի չորս կողմը կապած թախտերը (պարսկ. taxt, գահաւորակ կամ բազմոց մի քանի մարդկանց համար, առանց թիկունքի և թևճակների, որ ծածկում են գորգով և յենվելու համար վրան դնում են մութաքաներ [2, 77]) մնում էին և ծառայում էին այժմ աշակերտների համար վորպես նստարաններ։ Մուտքի դռան դեմ ու դեմը` պատից փոքր ինչ հեռու, թախտին կպած բարձրանում էր մի փոքրիկ բեմ՝ յերեք կողմից շրջապատված փայտի վանդակներով (մոտ մի արշին (70.11սմ) բարձրությամբ): Այս բեմը, հավանորեն, յերգող, նվագող (սազանդարների. երաժիշտ, երգիչ, գուսան, նվագածու [4, 244]) աշուղների տեղն է եղել։ Հիմա էլ այդտեղ բազմում էր իր աթոռակին պստիկ սեղանն առաջին խալիֆան` վարժապետը (նա այդ բարձրությունից դիտում, իշխում էր ընտարձակ սենյակի բոլոր անկյուններին): Այստեղ աշակերտները 70-ից ավելի էին՝ փոքր ու մեծ տղաները կողք կողքի խառն նստած։ Ամեն մեկը իր տասն էր սովորում, թեև ցածր ձայնով, բայց բոլորի ձայնը միախառնվելով առաջ էր բերում, խուլ, տհաճ աղմուկ։ Աշակերտները մեկ մեկ գնում էին վարժապետի մոտ իրենց տասը պատասխանելու։ Վարժապետը` Կուլին, նստած էր բէմին։ 60 տարին անցած սպիտակ մազերով մի ծերունի էր, միջահասակ (սև կապան (շապիկի վրայից և վերարկուի տակից հագնելու աշխարհականի կամ հոգևորականի երկար զգեստ, պարեգոտ [4, 42]) հագին, կապայի տակից թիրման շալ (ասեղնագործ բանվածքներով թանկագին շալ [4, 113]), գոտին մեջքին կապած, սև սրածայր բուխարա փափախը (Բուխարայի Կարակուլ օվազիսի անունից: Միջին-ասիական սև գոյնի գառների թանկագին գանգուր մորթը, որից մուշտակների մորթի է պատրաստվում [2, 401]) կողքին): Մատիտը ձեռքին բռունցքով բռնած՝ լսում ու հետևում էր դաս պատասխանողին։ Վա՜յ սխալվողին, մատիտի սուր ծայրով խփում էր դեմքին, ուր որ պատահեր, լավ չէր տեսնում, կարճատես էր։ Վարժապետի այտ վարմունքը տեսնելով՝ ես շատ էի անհանգստանում։ Յես ու եղբայրս իրար մօտ էինք նստում, իբրև փոքրի եղբայրս էր ինձ տանում դաս պատասխանելու։ Գիտեյի, եղբայրս իմ տասն այնպես լավ է սովորեցրել, որ երբեք չեմ սխալվի, հենց առաջին անգամից համարձակ մոտեցա ու դասս կարդացի, իհարկե, իմ դասագիրքը մնում էր պստի սաղմոսը։ Այսպես անցան շաբաթներ, ամիսներ։ Իմ դասագիրքը վերջացնելու մոտ էի, բայց բան չէի հասկանում այդ գրաբար լեզվից ու արտահայտված մտքերից։ Եղբայրս աշխատում էր մի բան հասկացնել։ Արհեստավոր հայրս էլ գրագետ էր, նա յել օգնության էր հասնում, բայց բան չէր տուրս գալիս։ Վարժապետը երբ որևէ տեղ էր գնում, մեծ աշակերտներից երկուսին կարգապահ էր նշանակում ու բոլորին պատվիրում, որ չարություն չանեն, դասերը սերտեն։ Ահա մի օր էլ, երբ բացակայությունից վերադարձավ վարժապետը, ի՜նչ տեսնի, իրարանցում, գոռում-գոչում, ձայները մինչև յերկինք է հասել։ Ինչ արավ, չարավ այս անկարգության մեղավորներին չկարողացավ գտնել, հայտնաբերել։ Էլ ուրիշ ճար չուներ, որոշեց անցնել ընդհանուր ծեծի։ Վարժապետը վերցրեց ճիպոտը ու սկսեց մի ծայրից մեկ մեկ ծեծելով առաջ շարժվել, մինչև որ կհասնէր մյուս ծայրը։ Տեսնում էի, որ երկու-երեք աշակերտից հետո ծեծի հերթը ինձ կհասնի. էլ երկար ու բարակ չմտածեցի, ինձ գցի թախտի տակը, սկսեցի առաջ ու յետ վազվզել երկար թախտերի տակին։ Վարժապետը բարկությունից ինքնիրան ուտում էր ու կանչում. «Այ դու, իծի (այծ) ծնունդ», բայց չէր կարող ոչինչ անել։ Մեկ էլ այնպես հարմարացրի, որ երբ թախտի տակից տռանը մոտեցա, շուտ դուռը բաց արի և արագ դուրս փախա, միայն յետևիցս լսում էի վարժապետի ձայնը. «իծի ծնունդ, իժից (օձ) արմատ». այն փախնելն էր, որ փախա ու էլ չտեսա Կուլիի վարժարանի յերեսը։
... Այսպես ինձ վիճակվեց ուսում առնել ու շարունակել մինչև վերջը, իսկ եղբորս վիճակվեց մի ուրիշ ասպարեզ. այն է՝ նույն տարին (1874) թողեց խալիֆայական դպրոցը և ամբողջովին կապվեց հորս արհեստին` թիթեղագործության և կարճ ժամանակում նա իր ընդունակություններով շատ առաջ գնաց, կատարելագործվեց այդ արհեստի մեջ և համբավ ունեցող վարպետներից մեկը դարձավ քաղաքում։ Յես շատ էի զարմանում, երբ եղբայրս հաճախորդի պատմածի հիման վրա` մատիտով իսկույն տալիս էր պատվիրած իրի գծագրային պատկերը։
Իմ եղբոր շնորհիվ, իմ ծնողների օգնությամբ միայն հնարավոր եղավ խալիֆայական դպրոցից բարձրանալ մինչև բարձրագոյն կրթություն»։
Ֆ. 1292, ց. 1, գ. 25, թ. 17-22: Բնագիր: Մեքենագիր:
Գրականության ցանկ:
- ՀԱԱ, Ֆոնդ 1292, ցուցակ 1, գործ 91, 10 թերթ:
- Հայերէն բացատրական բառարան: Կազմեց Ստ. Մալխասյանց: Հատոր երկրորդ, Եր., Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն, 1944, 512 էջ:
- Հայերէն բացատրական բառարան: Կազմեց Ստ. Մալխասյանց: Հատոր չորրորդ, Եր., Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն, 1945, 646 էջ:
- Հայոց լեզվի բարբառային բառարան: Հ. Բ. Եր., «Գիտություն» հրատ., 2002, 431 էջ:
- Հարությունյան Գ., Րաֆֆին և պատանեկությունը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1969, 81 էջ:
- Հովսեփյան Է., Հայ մտավորականների նամակները Տիգրան Ռաշմաճյանին (նվիրվում է ծննդյան 150-ամյակին) // Բանբեր Հայաստանի արխիվների, 2013, №1, Եր., 2013, էջ 3-12:
- Ղազարյան Ռ.Ս., Թուրքերեն-հայերեն բառարան, Եր., Միտք, 2003, 574 էջ:
- Մէլ., Մեր լուսաւորիչները (Յիշողութիւն մանկական կեանքից) // «Մշակ», նոյեմբերի 13, №45, Թիֆլիս, 1875, էջ 1-3:
- Նազարյան Ս., «Նոր դպրոց» մանկավարժական ամսագիրը (1908-1913թթ.) // Բանբեր Երևանի համալսարանի, №2, Երևան, 1994, էջ 147-150:
- Պողոսյան Ն., Նորահայտ բառեր վաղաշխարհաբարյան աղբյուրներում (16-18-րդ դդ.), Եր., ԵՊՀ հրատ., 2014, 224 էջ: