ԳՅՈՒՄՐՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ԿԱՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՋԱՆՅԱՆ

Опубликовано в журнале: Научный журнал «Интернаука» № 28(298)
Рубрика журнала: 5. История и археология
DOI статьи: 10.32743/26870142.2023.28.298.362249
Библиографическое описание
Айвазян Г.С. ԳՅՈՒՄՐՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ԿԱՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՋԱՆՅԱՆ // Интернаука: электрон. научн. журн. 2023. № 28(298). URL: https://internauka.org/journal/science/internauka/298 (дата обращения: 21.11.2024). DOI:10.32743/26870142.2023.28.298.362249

ԳՅՈՒՄՐՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ԿԱՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՋԱՆՅԱՆ

Այվազյան Գևորգ Սամվելի

պ.գ.թ., գիտաշխատող ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն,

Հայաստան, ք. Գյումրի

 

ИСТОРИЯ ШКОЛ ГЮМРИ В ВОСПОМИНАНИЯХ УЧЕНИКОВ: КАРАПЕТ ОВАНДЖАНЯН

Айвазян Геворг Самвелович

канд. ист. наук, науч. сотр., Ширакский центр арменоведческих исследований НАН РА,

Армения, г. Гюмри

 

THE HISTORY OF GYUMRI SCHOOLS IN THE MEMOIRS OF STUDENTS: KARAPET HOVHANJANYAN

Gevorg Ayvazyan

PhD in History, Researcher, Shirak Center for Armenological Studies of NAS RA,

Armenia, Gyumri

 

ԱՆՈՏԱՑԻԱ

Մեր ակնարկը նվիրված է իր կյանքի վերջալույսին հայրենի քաղաքի բնակիչների հետ թատերագրի նուրբ լեզվով զրուցող բանահավաք Կարապետ Հովհանջանյանի խորհրդածություններին: Նրա XIX դ. անցյալից պատմված հուշերը Գյումրու մտավոր մշակույթի պատմության ողորկ գետինը ծածկում են բազմերանգ խիճերով: Դրանց մեջ իրենց փայլով առանձնանում են քաղաքի խոսվածքը, ուտեստը, տարազը, մականունավոր գյումրեցիներին ներկայացնող կտորները:

АННОТАЦИЯ

Наш обзор посвящен размышлениям фольклориста Карапета Ованджаняна, беседующего с жителями родного города в конце своей жизни. Его воспоминания из прошлого покрывают полированную землю историей интеллектуальной культуры Гюмри разноцветными камешками. Среди них своим блеском выделяются слова города, блюда, наряды, представляющие гюмрийцев с прозвищами.

ABSTRACT

Our review is devoted to the reflections of the folklorist Karapet Hovhanjanyan, who talks with the inhabitants of his native city at the end of his life. His memories from the past cover the polished earth with the history of the intellectual culture of Gyumri with colorful pebbles. Among them, the words of the city, dishes, outfits representing the Gyumri people with nicknames stand out with their brilliance.

 

Բանալի բառեր՝: կոպտություն, շահամոլ, գետին, կին, անտարբերություն, Քիշնև, միջակություն, ժամավաճառություն, Կարս.

Ключевые слова: грубость, корыстолюбец, земля, жена, равнодушие, Кишинëв, посредственность, пустая трата времени, Карс.

Keywords: coarseness, avaricious, ground, wife, indifference, Chisinau, mediocre, waste of time, Kars.

 

Գիւմրէցի էղնիս ու լոպպազութեն չիտենաս հէչ միւնքուն է...

Նախաբան

Ալեքսանդրապոլում (այսուհետ՝ Գյումրի) 1860-ական թթ. վերջերից Հակոբ Ս. Փամբուխչյանի, Հովհաննես Խոջայանի, Պետրոս Դ. Հայկազունու, Կարապետ Մատինյանի, Կարապետ Հովհանջանյանի, Աղեքսանդր Մխիթարյանի, Աղեքսանդր Ափրիկյանի, Գևորգ Ղասաբյանի, Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի, Տիրուհի Կոստանյանի և ուրիշների կողմից սկսվել է ժողովրդական բանահյուսության նմուշների գրառման և հրատարակության գործընթաց, որը տևել է մինչև 80-ականների կեսերը: Այդ նյութերից շատերը դարձել են տեղական երգերի, բանաստեղծությունների, արձակ երկերի, թատերգությունների ատաղձը:

Գրականության տեսություն և արդիականություն: Կարապետ Գ. Ափինյանի խմբագրությամբ 1907-1914թթ. Գյումրիում հրատարակված և դեռևս ամբողջությամբ չուսումնասիրված «Ախուրյան» օրաթերթի 1912թ. 34-37-րդ համարներում է զետեղված Կ. Հովհանջանյանի (Կրպե) «Թոփալ-Թաթոս» (Հին մանկավարժ) կատակերգությունը մեկ գործողությամբ: Եթե այն բեմադրվեր իր ժամանակին, ինչի մասին վկայություններ չկան, համոզված ենք, որ պարոնյանական ծիծաղ կպատճառեր հանդիսատեսին:

Դա երգիծական ու ազգագրական-բանահյուսական ախորժելի ստեղծագործություն է: Գրականագետների կողմից երկրորդական կարգի գրող դիտարկված Կրպեի անզուգական տաղանդի շնորհիվ ստեղծվել են Գյումրու XIX դ. կրթական կյանք-չկյանքը արտացոլող 18 տեսարաններ (14-րդը թերի), որոնց ոչ ոք չի անդրադարձել և որոնք իրենց գիտական հետաքրքրությունը չեն կորցրել ցայսօր:

18 վարժատան համահավաք և հազվագյուտ դիմագիծ է տվել հեղինակը: Նորություն չէ, իհարկե, նրա պատմածը [16, էջ 4-8, 12], սակայն Գյումրվա հողում բուսնած այդ կրթօջախներում սովորող երեխաների անցկացրած մեկ օրվա մասին նոր խոսք է:

Նպատակ: Հետազոտության նպատակը Կ. Հովհանջանյանի դպրոցական տարիների հուշերի արժևորումն է, դրանք առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դնելը:

Մեթոդներ: Տեքստի բնույթից ելնելով՝ ընտրվել են դրա փաստացի մասնատման, մասերի համադրման, երևույթների պատմական որոշակի պայմաններում ուսումնասիրման, ընդհանուր հատկանիշների հիման վրա բանահյուսական միավորների և արաբերեն, պարսկերեն, թուրքերեն բարբառային օտարաբանությունների դասակարգման, անձի կենսագրության վերլուծության մեթոդները:

Արդյունքներ: Հետազոտության արդյունքում ըստ նոթերի ներկայացվել են գյումրեցի մանուկների առօրյան դպրոցում, կրթական միջավայրը ձևավորող դասավանդման մեթոդները, դասագրքերը, ընկերական հարաբերությունները, դասամիջոցներին երեխաների զբաղմունքը, ստեղծվել են բարբառային և օտար բառերի բառարան (Հավելված 1.), Գյումրիում տարրական դպրոցներ բացած անձանց ցուցակը, «Առած-ասացվածք, դարձվածք, երդում, անեծք, խնդիրք» (Հավելված 2.) և «Հիշոց, սպառնալիք, փաղաքշանք» (Հավելված 3.) ցանկերը:

Վերլուծություն

Գրող, լուսանկարիչ, բեմի ձևավորման վարպետ Կ.Հովհանջանյանը ծնվել է Գյումրիում ջրաղացատեր Խաչատուրի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Թադևոս Կարճիկյանի (Թոփալ-Թաթոս), ապա Ալեքսանդր Արաբաջյանի (բացվել է 1865թ.) դպրոցներում: 1872-1876թթ. տեղի Գավառական դպրոցում փորձաշրջան անցնելուց և գոհացուցիչ քննություններ հանձնելուց հետո որպես գրասենյակային և դատական ծառայող (թարգման) աշխատել է Գավառի ոստիկանական վարչությունում և քաղաքի հաշտարար մասում: Իր դիմումի համաձայն ազատվելով զբաղեցրած պաշտոններից՝ որպես Էջմիածնի Սինոդի արտահաստիքային գրասենյակային ծառայող (ատենադպիր) աշխատել է Երևանի թեմի Ալեքսանդրապոլի հոգևոր վիճակի առաջնորդարանում և Կարսի փոխանորդությունում: 1887թ. Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը հետևյալ կերպ է բնութագրել Հովհանջանյանին. «…Իսկ ի պաշտօն քարտուղարի՝ ըստ իրաւանց տուելոյ ինձ ի Սինոդէն ընտրեալ եմ զընդունակն ի հայ և ի ռուս լեզուս և զօրէնսգէտն և վարժն ի պաշտօնական գրագրութիւն զաստիճանաւոր Պ.Կարապետն Յովհանջանեանց Ալեքսանդրապոլցի…» [18, էջ 117]:

Կարսում նա կատարել է բանահավաքչական հսկայական աշխատանք, որը դարձել է եղբոր՝ Հարություն Հովհանջանյանի, հիշատակը հավերժացնող գիրք [10]: Այդտեղ են ի մի բերվել նրա՝ կյանքից վերցված «Պատկերները»[11], որոնք հետագայում հարստացել են նոր պատմվածքներով [12]: Կարսում գտնվելու տարիներին Վենետիկում հրատարակվել է խոշոր հայագետ Հայր Ղևոնդ Ալիշանին ձոնված նրա Աբաս Բագրատունի (929-953) թատերգությունը 4 գործողությամբ, որը հեռավոր 1920թ.՝ Կարսի անկման օրերին, վերահրատարակվել է [1;2]:

Թատերասեր, պատմական թեմաների երկրպագու Կ. Հովհանջանյանն աշխատակցել է ժամանակի հայկական պարբերականներին («Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փարոս Հայաստանի», «Պսակ», «Նոր Դար», «Նոր կյանք», «Ընկեր», «Հույս» և այլն), լուսանկարել Շիրակի պատմական հուշարձանները. «…Խմբագրութիւնս մեծաւ շնորհակալութեամբ ստացաւ Նկարիչ պ.Կարապետ Օհանջանեանցից իւր պատրաստած վիմատիպ «Տեսարանք մնացուածոց տանն Շիրակայ», որոց վերայ արդարև փայլում է պ.Նկարչի իւր արուեստի մէջ ունեցած հմտութիւնը: Ցանկալի էր որ այս և սորա նման պատկերները ամեն մի Հայի տան գլխաւոր զարդարանքը կազմէին: Գնահատելի է արդարև պ.Օհանջանեանցի աշխատութիւնը, որ ջանք է անում մեր նախնեաց ճարտարապետական արուեստի մէջ ունեցած ճաշակի չափն ու աստիճանը ի տես աշխարհի հանել…» [26]:

1890-ական թթ. կեսերին Կրպեն կնոջ՝ ուսուցչուհի և հասարակական գործիչ Հեղինե Հովհանջանյանի հետ բնակություն է հաստատել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում և ատենադպրի պաշտոնով ծառայել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի կոնսիստորիայում. «…Քիշնևում Հայոց երկու քահանաներ կան, երկուսն էլ կոնսիստորիայի անդամներ են: Ատենադպիրը պ.Կարապետ Օհանջանեան գործին ուշիմ և անձնուէր անձնաւորութիւն է: Պ.Օհանջանեան իւր բազմանդամ ընտանիքով վերաբնակուել է Քիշնև՝ Ալէքսանդրոպօլից և կարելի է ասել, որ այդտեղ միակ հայ ընտանիքն է, որտեղ կարելի ժամանակ անցկացնել ուղիղ հայավարի: Այդտեղ է ապրում և մեր մանկավարժական հիմնարկութիւնների վետերաններից մէկը՝ տիկին Հեղինէ Օհանջանեան»[8, էջ 29]:

Նրան այդտեղ սպասել են ծանր ժամանակներ:

Ներսես արքեպ. Խուդավերդյանի մտերիմ, «կոպէկանոց մարդ» և չար մարդ», «արիւնային միկրոբ» [15, էջ 3, 32-33] Հովհանջանյանը, կոնսիստորիայի անդամներ Բարսեղ ավագ քահ. Խազանճյանի և Սարգիս քահ. Թաթսիզյանի հետ մեղադրվել է 4725ռ. 22կ. եկեղեցական գումարների յուրացման մեջ: Սինոդն իր 1907թ. մայիսի 23-ի N452 հրամանով երեքին էլ պարտավորեցրել է վերադարձնել գողոնը և զրկել «ի պաշտամանց անդամութեան և ատենադպրի Կոնսիստորիային, արգելլով յայսմ հետէ ունել հոգևոր հաստատութիւնս Հայոց» [27]: Այդ հանգամանքի ազդեցության տակ Հովհանջանյանը գրել է. «…ես դարձեալ միայն եմ այստեղ, անագորոյն ճակատագրից մոռացուած և ուրացուած. հեռու նաև առօրեայ կեանքի խաբուսիկ յոյզերից և խօլ ցնորքներից…» [28]: Գրողի հոգեհուզական վիճակը ճշգրիտ արտացոլել են հետևյալ տողերը. «…Ցրտաշունչ մրրիկն ու ահեղագոչ ալեկոծութիւնը, ահն ու սարսափը առաւելապէս երևում է այնտեղ, ուր առատօրէն թափւում են մերկացումների ու մեղադրանքների պղտոր գետերը, ուր լճանում, խտանում է զրկուածների հևքը և խեղճերի, թոյլերի ու անզօրների սրտամորմոք կսկիծն ու հեծկլտանքը, արիւնն ու արցունքը: Տարուբերւում, երերւում է անկուշտ ու անյատակ ծովը ու նրա ծոցից վիժող կատաղի փրփուրը յիշեցնում է մարդիս բանտային տամուկ շէնքի, սարսուռ և սարսափ ազդող, ատամնաւոր պարիսպները…» [29]:

Նշված դեպքից հետո, կարելի է ասել, Կրպեն դադարեցրել է իր բուռն հրապարակային գործունեությունը. «…իմ մէջ կարծես եռում է կեանքը, ջերմութիւնով ու աւիւնով բաբախում տխուր ու սևաւոր սիրտս… Բա՜յց, երանի՜, բարեկա՛մ, եթէ վիճակուէր ինձ էլ հանգչել իմ սիրած ու փայփայած իմ հայրենի երկրում, ուր դարաւոր ցաւերով ու ծով-արցունքով տնքում են հազարաւոր սրտեր՝ թերևս ակնկալելով կարմիր արշալոյսի կենսատու շողերին…» [28]: Բարեբախտաբար, գյումրեցի մտավորականն իր սուրը պատյան է դրել հարազատ քաղաքում: Մեկուսի հեղինակի աչքերի առջև կենդանացել է «անցեալի պատկերը, աթնացնելով հոգուս խորքում փոշու մէջ թաղուած կայծերի նման՝ թմրած մտքերն ու կորսուած յուշերը» [28] և ստեղծվել է քննարկվող թատերգությունը:

Վերոհիշյալ օրաթերթի «Թերթոն» խորագրի ներքո հրատարակված «Թոփալ-Թաթոս» կատակերգությունը Կրպեի կենսափորձից ծնված մի փոքրադիր պիես է, որի գործողությունը ծավալվել է 1860-ական թթ. Գյումրու դպրոցներից մեկում, չնայած հեղինակ-հետազոտողի «Երկու խօսք»-ում նշված է, որ դիպվածը վերաբերում է 1874թ.: Ստեղծագործությունն ազգագրական տեղեկատու է, որտեղ հասուն բանահավաքն ինքը դարձել է բանասաց: Դա յուրաքանչյուր գյումրեցու տան պատից կախված կեսդարյա փոշուց մաքրված գեղեցիկ երգիծապատկեր է: Այդտեղ քաղաքն ապրում է, շնչում, խաղում, հագնվում, պայքարում հին բարքերի դեմ, սովորում։

Գլխավոր կերպարը՝ Թոփալ-Թաթոսը, ոչ առասպել է և ոչ հերյուրյանք: «Թաթոս»-ների դպրոցները, ըստ Կրպեի, անբարոյականության ճահիճ էին, կատարյալ սպանդանոց, անլուր հայհոյանքների, ծեծի, զազրելի խաղերի կրկես, ուր բացի ուսումից և մարդավայել կրթությունից, ամեն բան եղել է. «Օրհնեալ-փալախայի» հարւածների ներքև, լուսամիտ դաստիարակը, ծաղիկ արևներ էր խամրեցնում, որոնք սակայն տգէտ ծնողների կողմից յանձնւում էին մանկավարժին այսպիսի նշանաբանով՝ «միսը՝ քեզի, ոսկորն ինձի» [22, էջ 2]:

Չկայացած զինվորական Թադևոս Սաֆարի Կարճիկյանը (ծաղրական ոճով՝ Էյրկայնով) 1837թ. սովորել է Ախալցխայի դպրոցներից մեկում և «լաւ ա ուռուսերէն չաթ ու փաթ էնէի կը»։ 1853-1856թթ. Արևելյան պատերազմի տարիներին Գյումրիում «Օհաննէս աղոնց չեանկան» բացել է մանր իրերի խանութ [Հմմտ. 11, էջ 52-53], ապա՝ վճարովի մասնավոր դպրոց: Լավ ձեռագիր է ունեցել, կարողացել է փորի ցավ (ղոլինջ) դարմանել, «վեցհազարիա ունի, թուղթ ու գիր ա կենէ կը» [23, էջ 3]:

Նա եղել է տգեղ, թափթփված և փնթի անձնավորություն. «…թևերի ներքև զոյգ յենափայտերով, մի ոտը քարշ արած տեղաւորւում է յատակից փոքր ինչ բարձր տախտակամածի վրայ պատառոտած վերարկուն խնամքով ծալում, տակն է դնում. իսկ գզգզւած գլխարկի փոխարէն՝ ծածկում է մի կեղտոտ ֆէս…» [22, էջ 2]: Ի հեճուկս դրա, օրինակ, գյումրեցի գրագետ Մնացական Թամրազյանի վկայմամբ, տեղի ուսուցիչներից Արսեն Կրիտյանը միշտ կրել է նորաձև և մաքուր հագուստ [17, էջ 70]: Ստեղծագործության մեջ Թաթոսը մեծախոս, ինքնահավան՝ «…մէմ էկէ ձեռքս պագէ աշիմ» [22, էջ 3], «…ես ա մեռնիմ պիտի ըսին՝ մէ մարթմ է, դուք ա մեռնիք՝ մէ մարթմ…», «…Իմ զարզանդս օր արարոց աշխարք ժուռ գաս, հէչ մէ վարժապետմ չունի…», «…չիւնքի իմ կարդմունքս հէչ մէկը չունի…» [23, էջ 3], «…իսա իմ եամանուս փանչեն բիլա չաժենան…» [22, էջ 3], մեծաբերան՝ «մտնիս թումպանս» [24, էջ 3] և «փէշքեաշ»-ներով ապրող կերպար է:

 Կրպեն բնավորության մեկ այլ բացասական գծով էլ է օժտել իր հերոսին: Նա անուղղելի կնամոլ է. «…պարտները օրա ժուռ կուգայի կը՝ կնկտոց խելքը կերթար կը գլխներէն…» [23, էջ 2], «…ինչղ ա ճերմակ հաց է, դխլի՜կ, ապլայիդ թշերը կլմանի կը» [22, էջ 2], «…հալղի կնկտոցն ա կառնիս՝ թոփ կէնիս քեոշանիրը մտնիս կը՝ թը ղօլինճ կը կոռռիմ» [25, էջ 4]: Սիրարկուի սրտում, այդուհանդերձ, հատուկ տեղ է ունեցել իր կինը՝ Մարթա խաթունը, որն հանդիսատեսի մոտ անընդհատ քողազերծել է ամուսնու ստերը: Վարժապետն իր սեր փոխանցել է ժողովրդական երգի միջոցով.

«Ես վերէն կուգայի, դուն դուռը բացիր,

Ձեռքդ ծոցդ տարար ա՜խ էրիր լացիր:

 

Աղջի՛կ, մազիրդ հուսէի, թուշդ էրսիս քսէի,

Էլլէի էրթոց վրայ՝ բիւլբիւլի պէս խօսէի…

 

Չինարի բօյիդ ղուրպան,

Կամար օնքէրուդ մէռնիմ…» [25, էջ 2: Հմմտ. 9, էջ 57]:

 

Գյումրու հասարակական կյանքում կանանց դերի բարձրացումը, նրանց կրթական մակարդակի աճը՝ «…կարդցածնիրն ա ի՞նչ է՝ աղվէսի, շան ու գիլու բանիր…», արական սեռի դաստիարակ Թաթոսի կարծիքով, վատ է անդրադարձել իր նման վարժապետների սոցիալական վիճակի վրա. «…տուն կերթայիր՝ ղայֆան բօլ, շաքարը՝ ղանդով, եղը, պանիրը, բրինձը, ղաւուրմէն, սուճուղն ու պաստուրմէն քիլարդ տքար կը: Միր մարթան ա ասպէս ապուռսըզ խո չէր հիմիկվա կնկտոց պես առկոց չէր էլիր ալ եափուղը գլխուն բարև բռնած՝ առաջ կուգար կը: Աղջի՛, քաշովիմ ցի՛կ» [24, էջ 3]:

Թաթոսի «դպրոցը» իրենց ներկայացրել է անպաճույճ և տամուկ մի սենյակ, որի մի հատվածում դրված են եղել ուսուցչի անմաքուր և անճաշակ գրասեղանը, իսկ մյուս հատվածում՝ աշակերտական նստարանները՝ երեք շարքով:

Աշակերտներին հաշվառելուց և նրանց միտքը ընթերցանությամբ թեթև մարզելուց հետո վարժապետն անցել է դասի հարցման փուլին: Նա 7-15 տարեկան տղաներին շարք է կանգնեցրել գրասեղանի մոտ և ստուգել, թե նրանցից ով գիտի օրվա դասը: Պարտաճանաչները «տախտակը» (Նկ. 1) բռնած մոտեցել են վարժապետին, խաչակնքվել, արտաբերել «Խաչ օգնեա ինձ» արտահայտությունը և պատասխանել դասը:

 

Նկ. 1. Տախտակ

 

Որպես դասագրքեր գործածվել են «...ժամագիրք, նարէկ, Կտակարան, Սաղմոս, Պղնձէ քաղաք, Կպրիանոս…» [23, էջ 3]: Ինքնակրթության պակասից ստիպված Թաթոսը երբեմն հայտարարել է. «…մէկալ մէկալի պէս կատւի ու աղւէսի բանիր կուզիմ կը սպառին՝ դաս տւողը չիմ, իմ քովս սատանի կարդմունքնիր չկան. տըպաբանութեն, աշխարքագրութեն…» [23, էջ 3]: Հետևյալ մեջբերումներից կարելի է հասկանալ, որ նա ծանոթ է եղել Խ.Աբովյանի, Մ.Նալբանդյանի և Ջիվանու հայտնի գրվածքներին. «…օր ժամ ու պատարագ գիտնան, մեր լուս հաւատին ղայիմ կենան» [23, էջ 3: Հմմտ. 19, էջ 86, 93], «…Տը հմի տարէք մկի հորը ցկէք, հը՜ «փշոտ է ճանապարհդ» մկները, օձերն ու խլէզները խրատ պիտիր տան քեզի, օր մէմ տահա իք չէնիս…»[24, էջ 3: Հմմտ. 21, էջ 543] և՝

«Աւարայրի դաշտը ներկւեց արիւնով,

Անմահ Վարդան, կարմիր Վարդան, քաջ Վարդան..»

[24, էջ 2: Հմմտ. 5, էջ 21]:

Կարճիկյանին ուսուցիչ կամ դաստիարակ որակելը նրա համար մեծ պատիվ կարող է դիտվել, քանի որ վարժապետի այդ տեսակն «օրհնել» է ծեծը՝ «ատիան հանել»-ը, որպես պատժի ձև. «…Թէ քաշիմ իտա օրհնեալ փալախան հարրական հատ կիջնիմ կը, պիտիր իշուս պէս զըռռոցնիրը ցկին…» [25, էջ 3]: Նա հպարտորեն նույնիսկ հիշել է իր «զոհերի» անունները՝ Սանոս, Սանթռնոս, Զռզռ Կիրակոս, Շաղքմի մանչ, Վխկրի մանչ, Ղայթնի պարկ, տիրացու Լորիկ, Լոբի-ջուր, Շուն Պողոս, Մկի Ֆերշիլ և այլք [23, էջ 3]: Նրա բերանից հորդել են հայհոյանքը, անեծքը և հանդիմանությունը:

Թաթոսի մանկավարժական հայացքներում հետադեմ պահպանողականությունը և ազատության գաղափարի խարազանումը քայլել են կողք կողքի՝ «…Ազատութեն գուզիս կը …սար ու ձոր ոտներուդ տակը չուրութմիշ էնիս…», «…Թորի ոտներդ արնվլիկ չէնիմ. Ազատութեն տւողը չիմ քեզի…» [24, էջ 2], «Չեղնի դուն ա «ազատութեն» կուզէիր կը, չիւնքի հիմի մեր Գիւմրւայ սոխըխնիրը բողք ու փուրչուլուղի տեղ՝ «ազատութեն» ծախին կը» [ 24, էջ 3], «Ազատութեն», ազատութեն տուր իսա չէշիդ մախլուխներուն ու սէյր էրա…» [25, էջ 3]: Նրա համար շատ դժվար է եղել XIX դ. կեսերին Գյումրիում առաջադեմ համարված «…Փամբուխչոնց մանչու, Կիմպիլի, էղունկ-աշողի (Պետրոս Մատնիշյան-Գ.Ա.), Օհաննէս, Սարգիս (Արաբաջյան-Գ.Ա.), Արսէն (Կրիտյան-Գ.Ա.), Ալէքսան (Արաբաջյան-Գ.Ա.)» խալֆաների [23, էջ 3] մրցակցությանը դիմանալը. «…իտա նոր էլուկ գեադա գիւտէքը ինչղ օր փէտահ էղան, քիչմ ա հեռի լսողաց ազատութեան պոչէն բռնեցին մեր խէրն ա խիար դարձաւ…» կամ՝ «…իլլա՜հի օր նորէլութ վարժատնները՝ «ազատութեն» ին տւիր, փալախան վերցուցիր ին՝ «բարբարոսութեն» է կըսին կը, տեղը «ռոզգի» ին սարքիր. ա՜յ ֆողը, իտիկ ազատութե՞ն է թը գեօզպայաճութեն…իրանք ա եանի գիւվամ ուռուսեթ ին գնացիր, իք ին էղիր, ուսում ին առիր, ըշտը տարիմ էրկուս վիվ գիտէ Թիֆլիզու սոխըխնիրը պտտիր, մեր կեն ու ծա Զատիկեանցի պէս, գեօրըն պանայ, գլխները մէկ մէկ թանճարայ ին անցուցիր տըն՝ տուն ին էկիր. ա՜յ ֆողը լոպպազ ուսումնականը…» [24, էջ 3]:

Նշվածներից զատ կաղ վարժապետն հիշատակել է Քյալաշ օղլու (գիտեցել է բրնձով աղոթել), Մկրտիչ խալֆի, Տիրացու Կուլիի, Պասանկեր Սպիչկայի, Հաճի Ֆշֆշի, Վխկր Մխկրի, Ֆռանկ վարպետի և Քավոր Ավետիքի նախակրթարանները:

Շրջիկ սրճավաճառ Կոմպազի, որն իր սուրճին գարի չէր խառնում, վարպետ Մնոյի և Թոփալ-Թաթոսի խոսակցությունից պարզվել է, որ հյուսն Ավետիքի և «երուսաղմայ ժամկոչի» համատեղ ջանքերով բացված «դպրոցը» գտնվել է քաղաքի Գյուղացիների թաղում: Քավորի յոթ որդիներից մեկն աղջիկ էր պատվազրկել. «չարոցի է ռաստ էկիր… Ղանդիլի ջաղացքը սատանի տղոցկան է կոխկռտել»: Հիվանդության (իշու քամի) պատճառով ընտանիքի ապրուստը այլևս հոգալ չկարողանալով ՝ Ավետիքը ցանկացել է քահանա դառնալ: Այդ առիթով Կրպեն իր անձնական վիրավորանքում թաթախված հումորի ողջ զորությամբ քննադատել է «Էջմածնայ անօթի գէլերուն», որոնք սովորաբար հոգևորականի կոչմանն անհամապատասխան մարդկանց են քահանայության պաշտոնի նշանակել: «Գոնչի» լակոտներուն» ուղղված քննադատության բարձրակետը «քրիստոնի զանիաթի» մասին ասված հետևյալ խաղն է.

«Ո՛չ ցանում ենք, ո՛չ հնձում

Թռչունի պէս ապրում ինք» [25, էջ 2]:

Չանաղասեր ուսուցիչն ավելի շատ ժամանակ է հատկացրել դասին աշակերտներից նվերներ մուրալու (փուշի, մահրամամ, թողլուղ, ծիրան, ղաթմար, փախլավա, գաթա, վարունգ, գազար, յուղ, պանիր, թան, խնոցու կարագ, մածուն, ապուրի ծաղիկ, չորթան, օճառ), ուսման վարձի գանձման (այլըղ, հալղա, հավթալղ, որը կազմել է 1 աբասի), նրանց ներուժն իր ընտանեկան գործերում օգտագործելու (լվացքը բաղնիք տանել, հարիսան խառնել, որդու՝ Մուկուչի շորերը մաքրաջրել) [Հմմտ. 11, էջ 53] հարցերին, դիտողություններին և պատիժներին: Պատժի նրա նախընտրած ձևերից են եղել կարգազանց երեխաների բերանները աղ ու տաքդեղ լցնելը, երեսներին քաղցրահամ թանձր հյութ քսելը, երկար ճիպոտով հարվածելը, բերանները գունավոր թելերով չափելը և չոքեցնելը:

Աշակերտները կարճատև ընդմիջումների ժամանակ կերել են լոշ և կճուճի պանիր, ձվածեղով ղավուրմա, պաքսիմատ, ջիկրով տժվժիկ:

Փոքրոգի տեսարան է պատկերանում, երբ Թաթոսն իր սաներից պահանջում է մուծել վարձավճարները: Վերջիններս հարկադրված էին իրենց դասընկերների ներկայությամբ բացատրել թերացումների պատճառները: Օրինակ, գումարը վճարելու համար Գոնչոյի Փանոսը հարսիկի գործած մի զույգ գուլպան էր վաճառել (5կ.), Բոզոյի հայրն իր հավաքած խոզի մազերն էր վաճառել, Հոդոյի հայրը, հրացանով զարկված թաղի շների պոչերը հանձնել էր «խէլառ ֆառթալլուն», Խլղատի հայրը սպասել էր, որ «քեարխանի սապոնը» չորանա, որ վաճառեր և այլն: Գելխոյի ընտանիքն Ախուրյան գետի ափին ունեցել է բանջարանոցներ, առևտրական գործերով հասել է մինչև Թավրիզ և Կարին, բայց դժվարացել է մուծել վարձը. «…անըննիրդ ոչ բարով թուճար է…իսա մամի գռօշնիրը Հաճի-աղադ ո՞րտեղից է ճարիր…» [25, էջ 2-3]:

Դասն ավարտվել է Տերունական աղոթքով: Որպես տնային աշխատանք Թաթոսը հանձնարարել է. «…սապախտան կանուխ գանք օր ավելի էրթանք. վիվ օր թէզ գայ, դռան բալլիքը պատի ծակը դնիմ կը, թո՛ղ բանայ տըն՝ վարժատունը իք էնէ, մէ թամուզմ աւլէ, ջրջկնէ, իստկէ թորի ես ա գամ, էրթանք…» [25, էջ 4]:

Կատակաբանության վերջում ներս է մտնում տիկին Մարթան և աշակերտների ներկայությամբ հանդես գալիս «մեղադրական ճառով» ասելով, թե «հարիֆ» ամուսինն իրեն տված խոստումներից ոչ մեկը չի պահել. «…աշէ ոտներուս, մաս բաբճի հալը, գլխուս ա մէ շնորքով եափուղմ չունիմ. թը դուս ու նէս էնիմ, ըշտը անունս ա եանի գիւվամ վարժապետի օղուլուշաղ իմ. հըպը մէ նախրճում եա քիւլհնճում կնիկ էղնէի տահա լաւ չէ՞ր…» [25, էջ 4]:

Վարագույրը սքողում է ամուսինների շարունակվող վեճը:

Եզրակացություն

Այսպիսով, աշխատանքի բերումով Հայաստանից երկար տարիներ հեռու գտնվող գյումրեցի գրող Կրպեի կողմից ստեղծվել է հավաստի գիտելիք պարունակող մի թատերգություն, որի ազգագրական-բանահյուսական արժեքը դժվար է գերագնահատել: Ստեղծագործության զարդը Կարնո բարբառի խոսվածքներն են` իրարախառն թուրքերենով, պարսկերենով և արաբերենով:

Հեղինակն իր խոհերով ընթերցողին տարել է հին Գյումրի, ծանոթացրել տիպար քաղքենի Թոփալ-Թաթոսի տնային դպրոցի հետ: Նրա աշակերտներն եղել են արհեստավորների և առևտրականի զավակներ: XIX դարի լուսավորյալ գաղափարներից նահանջող պատկերացումներով նա, այնուամենայնիվ, կարողացել է գրագիտության այբուբենը դարձնել վերջիններիս սեփականությունը:

Դասավանդելուց բացի Թաթոսը զբաղվել է նաև «բժշկությամբ»: Ամսեկան 20կ. կամ շաբաթական 5կ. ուսման վարձավճարներից բացի վարժապետի եկամտի կարևոր աղբյուր են հանդիսացել ծնողական «սիրո» արգասիք նվերները: Ուսուցչի գործի գրավիչ կողմերից մեկն էլ եղել է աշակերտներին բանեցնելը:

Թաթոսի դպրոցում գործել է ժամանակին բնորոշ համքարական կարգը, որը կրթության բնագավառում, առավել ևս տարրական դպրոցում, անթույլատրելի էր:

Հին տիպի դպրոցի շրջանավարտը, որքան էլ որ փորձել է վառ գույներով ներկայացնել իր դպրոցը և ուսուցչին, միևնույնն է, անժխտելի է վերջինիս ավանդը նրա անձի կայացման գործում:

 

 Հավելված 1.

Աբասի - քսան կոպեկ

Ալըշ-վերիշ-առևտուր

Ալթի (alti) -վեց:

Ալթիուստ (altintusta)- անպիտան:

Ախսխա- Ախալցխա

Աճալա-շտապ

Ամի- հորեղբայր

Այան-հայտնի, ակնհայտ

Ային օյին (oynaklık) -ոչ շատ էական, փոփոխական, թեթևամիտ:

Այլըղ (aylık)- ամսավճար:

Անա-նա

Անճաղ-հազիվ

Անտ-այնտեղ, նույն տեղում

Աշխարքագրութեն- աշխարհագրություն

Աշչի (aşçi)-խոհարար:

Ապրի ծաղիկ- կապույտ ծաղիկ, որի ծաղիկները չորացնելով օգտագործում են որպես ապուրի համեմունք:

Ապուռսըզ (abur) - մանր-մունր իրեր (արհամարհական):

Առկոց- խաղք ու խայտառակ դարձած

Առսզ - անամոթ, անառակ

Ավալքու-առաջվա

Ատաշ-անվանակից

Ատտար (aktar)-մանրավաճառ, արդուզարդի առևտուր անող:

Արխատաշ (arkadaş)- ընկեր, դասընկեր:

Արխեին-ապահով, հանգիստ

Ափրմիշ-երես առնել, կատաղել

Բազի պիր (bázi)-երբեմն, մեկ մեկ:

Բալքմ- գուցե, թերևս

Բաշ ուստա (báşuzman)-գլխավոր մասնագետ:

Բաստր (bastırmak)- ճնշել, խլացնել:

Բաքմազ (pekmez) – խաղողի թանձր եփուկ, դոշաբ:

Բաքսիմաթ (paksimadin) - չորահաց:

Բե հարսաթ բե մուրատներ (murat) – աննպատակ:

Բըխբըխի - ջուր խմելու կավե աման:

Բիթուն-բոլորը, ամբողջը

Բիլա-նույնիսկ, անգամ

Բիրադի-բոլորը միասին, միատեղ

Բոբոլական կրակ - սաստիկ չար, անտանելի

Բոթնոց - մատուցարան

Բողազ-բուկ

Բռնոթի-ընչախոտ, քթախոտ

Գազ- երկարության պարսկական չափ հավասար 112 սմ

Գաթա - թխվածք բաղարջի ձևով

Գեադա (gēda) - հասարակ ծառա, մանավանդ փոքրահասակ:

Գեալուր-եկամուտ, հասույթ

Գեոզպայաճութեն (göz bağci) – ձեռնածություն, աճպարարություն:

Գեորն պանայ - գոռ, վատ բան

Գյուռճի – վրացի

Գյուվամ-իբր, իբր թե

Գոնչո (gönç) – հարուստ, ունևոր:

Գռոշ - կես կոպեկանոց

Դալիղանլի (dalgalı)- անհանգիստ:

Դյուզ խորաթա-ուղիղ խոսք, զրույց

Դյուզմիշ (düzmek) – տնօրինել համապատասխան կերպով:

Դյուրկյար-հյուսն

Դոխ -աղավնի

Եախա (yaka)- օձիք:

Եամանի-բարակ կաշվից անկրունկ կոշիկ, կարպետ

Եանի գյուվամ - իբր թե

Եաշ (yaş)--տարիք, հասակ, ջահել, խակ, անփորձ:

Եավաշ (yavaş)-կամաց, սպասիր:

Եարան (yârân)-ընկերություն, բարեկամություն:

Եափուղ - հարսի երեսի քող

Երանեալ է այր, որ ոչ գնա ի ճանապարհս անօրինաց - Գիրք Սաղմոսաց Դաւթի, Սաղմոս 1:

Եօլտաշ (yoldaş) -ընկեր:

Զաթի-արդեն իսկ, հենց, ասենք

Զալմ-ձեռագիր

Զահր ու զխում - զայրույթի բացականչություն, չո՜ռ, ցա՜վ

Զանիաթ- զբաղմունք

Զանկին-հարուստ

Զարզանդ-սարսափ, խիստ երկյուղ

Զաֆիլ -հանկարծ

Զիան (zıya)-վնաս:

Զռզռ - անխոհեմ, հանդուգն

Էգվան -վաղը

Էկու-երկու

Էղունկ աշող- եղունգ նայող

Էվիլ-պակաս-ավել-պակաս

Էտտից էվելի-դրանից ավելի

Թաժա (taze) - թարմ, նոր:

Թալահ-բախտ, վիճակ, ճակատագիր

Թալել-նետել, շպրտել, գցել

Թամահ (tamah) – ագահություն, մի բան ունենալու ախորժակ:

Թամամ (tamam)-ողջ, ամբողջ, բոլոր:

Թամպալ-ծույլ

Թամուզ-մաքուր

Թանճարա - կաթսա, մեծ աման

Թանպեհ-տեղյակ

Թապլել-նետել, գցել

Թարաֆ (taraf)-կողմ:

Թուքեան (dükkân)-խանութ:

Թաք (tek)-միակ:

Թեպուլ - փետուր

Թիփի (tidi) - բուք, բորան: Պարծենալ, գլուխ գովել:

Թյունկի-երկար վզով, նեղ բերանով աման, որ համարվում է օղու չափ. հավասար է 4 լիտրի:

Թյուֆենք (tüfek, -ği) - հրացան, ատրճանակ:

Թոխլու (toklu) – մեկ տարեկան ոչխար:

Թո՜յ, թո՜յ-վա՜յ, վա՜յ

Թորի - մինչև

Թորգ-լքելը, թողնելը

Թոփալ (topal)- կաղ:

Թութմիշ էրավ-բռնեց, կպավ

Թուճար (tüccar) -վաճառական:

Թումպան - մորթեղեն վարտիք

Ժամագիրք - գիրք, որ պարունակում է եկեղեցում պաշտամունքի ժամանակ կատարվող ու երգվող աղոթքները, մաղթանքները, սաղմոսները, երգերը:

Ժուռ գալ-ման գալ

Իզին (izin)-թույլտվություն:

Իլլահ(ք)ի (ilâhi) – մանավանդ, հատկապես:

Իմ (im)-նշան, ազդակ:

Ինսան (insan)-մարդ, մարդկային արարած:

Իշու քամի-կարմիր քամի

Իսա-այս

Իսոր-սրա

Իտա-այդ

Իրիշկել-նայել, տեսնել

Իք- մի բան, ինչ որ

Լաբլաբու (lablabi) - բոված սիսեռ:

Լախրտի-զրույց

Լակեան-կոնք, տաշտ

Լակոտ երեխա, ապօրինի ծնունդ

Լաղապ (lâkap)-մականուն, խոսակցության (տգեղ) ձև:

Լափստրակ - ալապստրակ, նապաստակ

Լաֆազանություն (lâfazan)- շատախոսություն, դատարկաբանություն, շաղակրատ մարդ:

Լիպաս-առույգ՝ գեղեցիկ տեսք, դեմք

Լոշ – լավաշ հաց

Լոպպազ- պարծենկոտ, ինքնագով, ինքնավստահ, սնապարծ

Խաբար-լուր, տեղեկություն

Խաթուն- իշխանուհի, տիկին

Խալիս-մաքուր, զուտ, անխառն

Խանդա-եռանդ, աշխույժ, սրտի բորբոք

Խաս-ընտիր, լավորակ, առաջնակարգ, իսկական

Խավուրմա (kavurme, kavurma) - իր հյութի և յուղի մեջ տապակված միս, որ լցնելով ամանի մեջ և մինչև երեսը յուղով ծածկելով՝ պահում են ձմեռը օգտագործելու համար:

Խարտվիլակ- կամազուրկ՝ ինքուրույնությունից զուրկ՝ մեկի խաղալիքը դարձած մարդ

Խափնք, քեափանակ (kepenek)- խափանք, թակարդ:

Խեյրաթ- բարեգործություն, օգնություն

Խըզմթի իրիշկել -ամեն օր նայել, տեսնել

Խըլըսի- խլըսուն. առավոտը, լուսու դեմ

Խիար (xiyãr)- վարունգ:

Խլսել-ավարտել, վերջացնել

Խոշ-հո, արդյոք, գուցե

Խումարպազ (kumarbaz)-մոլեխաղեր խաղացող:

Կարդմունք-գիտելիք

Կզկթել-կուչ գալ, սեղմվել

Կոմպազ (cambaz) – լարախաղաց: Ճարտար, հմուտ: Խորամանկ:

Կոռել-հնազանդեցնել, ենթարկել

Կովերն ու սըփէքը-կովերն ու հորթերը

Կպրիանոս - աղոթագիրք

Հազիր (hazer, hazir) – պատրաստ:

Հալղի ոտաց -ուրիշի ոտքը, ուրիշի դուռը

Հաճի - քրիստոնյա, որ ուխտ է գնացել Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի գերեզմանին, մահտեսի

Հայիֆ-վրեժ, ոխ, քեն

Հայվան (heyvan, hayvan) – կենդանի, անասուն:

Հապլաթ (élbet, elbette) - իհարկե, անշուշտ: Անտարակույս, անկասկած: Վաղ, թե ուշ, մի օր չէ մի օր:

Հարամ (harãm) - պիղծ, կեղտոտած, ապականված, անսուրբ:

Հարամզատա (haramzade) - ապօրինի ծնունդ: Հաճախ՝ խարդախ, նենգավոր, սրիկա:

Հերիսա - ցորենի կամ ընտիր գարու կորկոտից ու մսից պատրաստված կերակուր

Հիսապ-հաշիվ

Հլըճորել-ճխլվել, ճզմվել

Հյուրթլամիշ (hür)-անկախ, ազատ:

Հունար (hüner)- կարողություն, վարպետություն, արվեստ, ճարտարություն հնարք, միջոց:

Հօրողպարդ-հորեղբայրդ

Ղազազ (kazzaz)-մետաքսավաճառ, մետաքսագործ:

Ղաթմար (katmer) - խմորեղեն ուտելիք, որ պատրաստում են՝ խմորը շատ բարակ բանալով և իրար վրա ծալ ի ծալ դարսելով, ամեն մի ծալին յուղ քսելով:

Ղալիպ-կաղապարից հանած օճառի մի կտորը

Ղալմաղալ- աղմուկ, վեճ

Ղայթան (gaytan, kaytan) - մետաքսի ներկված հաստ թելից 8-10 տակ գործված երիզ, որ կարում են զգեստի քղանցքին և ափերին՝ դիմացկունության և զարդի համար:

Ղայիմ (kayim) - պինդ, հաստատուն:

Ղայտա ղանոն-կարգ ու կանոն

Ղայֆա (kahve)- սուրճ:

Ղայֆաճի - սրճավաճառ

Ղանդ-գլուխ շաքար՝ զտված ու փայլուն

Ղանդիլ (kandil) – ջահ, ճրագ, լապտեր:

Ղանչաճչա, կանչի, ձայն տա

Ղապուլ (kabul)-ընդունելություն, համաձայնություն:

Ղասապ (kasap) - մսավաճառ, մսագործ:

Ղավ (kav) - աբեթենուց, այրած կտավից, բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ: Աբեթենի:

Ղզարթմա (kizartma)-փռան մեջ եփած մսով և բանջարեղենով կերակուր:

Ղիամատ (kiyamet) - սաստիկ ցուրտ, բուք, բորան:

Ղոլթուխ - թևատակ

Ղոլինճ (golinğ)-փորի սաստիկ ցավ, գալարումով և չամփրոտելով, սանջու:

Ղոճա-ղոճա (koca)-մեծ-մեծ:

Ղորդ -ուղիղ, ճշմարիտ, ճիշտ

Ղուդուրմիշ (kudurmak)-կատաղել, անկարգություն անել:

Ղութկա (kutu)-տուփ, արկղիկ:

Ղուռուշ (guruš) – թուրքական դրամ, հավասար 40 փարայի, 0.227 ոսկի ֆրանկի:

Ղուրպան (kurbãn) - զոհ, զենումն (գործածվում է փոխաբերական իմաստով, ինչպես մատաղ):

Ճաճար – շատախոս, լակոտ

Ճխտել-սեղմել, նեղել, ճնշել

Մազմննոց - մազ մանելու տեղ

Մահլա (mahalle) - քաղաքի կամ գյուղի մի որոշ մասը, թաղ:

Մահրամամ- թաշկինակ, երեսսրբիչ, քող, դաստառակ

Մանեթ - ռուսական դրամ, հավասար մեկ ռուբլու

Մասխուլ- կթվող անասուններից ստացվող կաթը և կաթնամթերքը, բերքը

Մախլուխ (mahlûk)- արարած, կենդանի արարած:

Մախսուզ (mahsus) – դիտմամբ:

Մակեամ-իբր, իբրև թե

Մանչ - տղա

Մառապազ (maraba) – կիսրար, կիսովի աշխատող:

Մասարիֆ - ավելորդ, շռայլ ծախսեր

Մեճիտիե - օսմանյան արծաթե դրամ, քսան ղուրուշ արժողությամբ

Մեմ- մեկ, մեկ էլ

Մեյմուն (maymun) - կապիկ, խեղկատակ (նախատական խոսք):

Մեօխկեամ- ձիգ, ամուր, պինդ

Միլ-տաքացրած երկաթ, շամփուր

Միննաթ (minnet)-երախտագիտություն, շնորհակալություն:

Մկիտան - ոգելից ըմպելիք վաճառող, գինեվաճառ, օղեվաճառ

Մհանա (mahana)-պատրվակ, առիթ:

Մյունքուն (münkir)- ժխտող, մերժող, չընդունող:

Մոմճի (mum, ği)-ճրագուից մոմեր շինող արհեստավոր, մոմավաճառ:

Մոտուլ-եզները քշելու ճիպոտ, վարոց

Մութումութ- առավոտ շատ վաղ, դեռ մթնով

Յուվազ – արմավենու մի տեսակ, վայրի արմավենի, ուֆազ

Նարեկ- Գր. Նարեկացու հորինած աղոթամատույց գիրքը, որ մի ժամանակ շատ մեծ գործածություն ուներ ժողովրդի մեջ և որից մի-երկու գլուխը մտել են ժամասացության մեջ:

Շահի- Այսրկովկասում՝ հինգ կոպեկ, աբասիի մեկ քառորդ մասը

Շակերտներ - աշակերտներ

Շաղգամ- խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարաբույս

Շարպաթ (şerbet) - օշարակ:

Շինտի-հիմա

Շնթռկել-պարկել (անարգական իմաստով)

Չաթ ու փաթ էնել-կիսատ-պռատ խոսել

Չախմախ (čakmak)- հրահան, կայծհան:

Չանախ (čanak)- կավե հասարակ խոր ափսե, պնակ: Մսով, կարտոֆիլով, պոմիդորով պատրաստած կերակուր, որ եփում են չանաղի մեջ՝ փռում:

Չանկա- անկյուն

Չարոցի ռաստ գալդիվահարվել

Չաքմա-երկարաճիտ կոշիկ

Չաքմաչա- փողի կամ ակնեղենի արկղիկ, գզրոց

Չէշիտ (çeşit)- տեսակ, օրինակ, զանազան, ապրանքի նմուշ:

Չիւնքի (çünkü)- որովհետև, քանի որ:

Չորթան – քամած և գնդերով չորացրած թան, որ պահում են ձմեռվա համար

Չուր շաբաթ-մինչև շաբաթ

Չուրութմիշ (çürümek) – լինել անպիտան:

Պամպալ- առաջ, քիչ առաջ:

Պաշխա-ջոկ, առանձին, ուրիշ

Պասանկեր (basar) - խելք, միտք, բանականություն:

Պարապար թարքրեցեք-հավասար կրկնեք

Պարտներ (partner)-զուգընկեր:

Պիլաքիմ- գուցե, թերևս

Պիճի-փոքր

Պիշի-բարակ, նիհար ու դեղնակարմիր

Պղնձե քաղաք- «Պղնձե քաղաքի հեքեաթը» պատկանում է արաբական ծագում ունեցող հեքիաթների թվին և կրում է հին արաբական բանահյուսական ավանդույթի կնիքը:

Պոյ-պահ-զարմանքի բացականչություն

Ջամը-ընդամենը

Ջանլաթ-դահիճ, անգութ, դաժան մարդ

Ջանսաղութեն-առողջություն

Ջիլիզ-բոլորովին, իսպառ

Ջիկեար մորթած անասունի լյարդն ու թոքերը

Ջխտանոց- հին վրացական արծաթ դրամ

Ջնդել հավաքել, ժողովել

Ջուղապ-պատասխան

Ռաստ էկավ - հանդիպեց, պատահեց

Ռոզգի - ճիպոտ, ճիպոտահարություն

Սաթուկեցի - Սադոկի հետևող, հրեա աղանդավոր, որ մերժում էր հոգու՝ հրեշտակների գոյությունը և մեռելների հարությունը:

Սալթ-հենց, միայն, միմիայն

Սալլաղ-հայ մսագործ

Սաղմոս- Սաղմոսների ժողովածուն որպես ուսումնական ձեռնարկ՝ ընթերցանության համար:

Սապախտան (sabahtan)-առավոտ կանուխ, վաղ առավոտյան

Սապապ-պատճառ

Սապոն (sabun)- օճառ:

Սասլի (sası)-գարշահոտ, հոտած:

Սաքի-իբր, իբրև թե:

Սեպել-հաշվել, ընդունել

Սըխ-մտերիմ, շատ մոտիկ

Սըխընթի (sıkıntı) – տխրություն, թախիծ, տանջանք:

Սյուրա - շարք, սրահ

Սոխախ (sokak) - փողոց:

Սպիչկա- լուցկի

Սվրճուղ-սարյակ

Սփա-իշի քուռակ, էշի ձագ

Սֆաթ (sifat)- տգեղ, անշնորհք դեմք:

Վախտ- ժամանակ

Վեգ - կճղակավոր կենդանիների ծնկահոդի ոսկրը, որով երեխաները խաղում են, ճան:

Վենծ- մեծ

Վեցհազարիա-կախարդության և հմայության գիրք

Վխկր- քթքլթալ, վխկրտալ, լխկրտալ

Տախտակ - փոքրիկ տախտակ, բռնելիք կոթով, որի վրա երեխաները սովորում էին ճանաչել տառերը:

Տահա (daha)- դարձյալ, դեռևս, առայժմ:

Տատաշ-փողոցային երիտասարդ, լոթի. կինտո

Տըպաբանություն- տրամաբանություն

Տղոցկան-ծննդկան

Տնկոզ-հպարտ, սեգ, պճնված, զուգված, զարդարված

Տուզաղ-թակարդ

Տօղրըսին շիտակ- ուղիղն, ճիշտն ասած

Րախի -օղի

Րեխավիլ- բերանքսիվայր

Ուստա (üstat)- վարպետ:

Փալախա առատուկ, ներբանի տփոց

Փախլավա (baklava)- անուշեղեն:

Փահլվանըմբիշ, ուժեղ, քաջ, լարախաղաց

Փամբուխ (pamuk, -ğu) – բամբակ, փափուկ, փափլիկ, գիրգ:

Փարա (para)-փող, դրամ:

Փօթրաթչի-կապալառու

Քեար (kâr)-օգուտ, ազդեցություն:

Օխտանուն-յոթ անուն ունեցող

Օղլի- որդի

Օղլուշաղ-ընտանիք

Օ սհաթ-իսկույն, անմիջապես

Օրա-որ

Օրհնեալ է փայտն - գավազան, մահակ

Փանթոլ (pantol)- շալվար, տաբատ:

Փանչա (paça)-շալվարի ներքևի մասը:

Փարխաչ (sitil)- պղնձյա ջրաման:

Փեշքեշ (peşkeş)-նվեր, ընծա:

Փետահ- մեջ ընկան, ի հայտ եկան:

Փոստ (post)- մորթի:

Փութ- ծանրության ռուսական հին չափ, հավասար 16,38 կգ

Փուշի (püšidan)- մետաքսե փայլուն թաշկինակ, որով կանայք գլուխները ծածկում են:

Փուչ - մեջը դատարկ, սին

Փուրչուլուղ (pürçüklü) - գազար:

Քեալլա (kelle) - գլուխ, գանգ: Կերակուր, որ պատրաստում են ոչխարի գլխից և տոտիկներից:

Քեարխանա- գործարան

Քեոսա- որի մորուքը շատ ցանցառ և դժվար է բուսնում, քարձ

Քեոփակ- ծերուկ, պառավ

Քեոփուրլի (kopuk) - բոկակեցիկ, անընչենի, շրջմոլիկ:

Քերական- գրագիտություն սովորելու առաջին ձեռնարկ, այբբենարան

Քիլար (kiler)-փոքր մթերանոց, փոքր պահեստ, մառանիկ:

Քիւլհնի (külâh)- բրդից կամ թաղիքից տափակ գլխարկ:

Քիւքիւրդ (kükürt)- ծծումբ:

Քնսուլաթ-հյուպատոսություն

Քուղա (qoya, koyacak)- գլանաձև փայտե աման, պատրաստված՝ մի քանի փափուկ ծառերի կեղևի տակից քաշած (պոկած) բարակ փայտի շերտից, միևնույն շերտից ունկով և տակը բարակ տախտակից ոռքով: Քուղաներ շինում են բոշաները:

Օրթունք- ճիճու, որդ

Օցկոռ- ոսկոր

Ֆալակ (falak)- բախտի անիվ:

Ֆառթ (fart furt) – պարծենկոտություն:

Ֆարազիմ (farazî) -ենթադրենք, ասենք, թե, դիցուք:

Ֆարմասոն- կասկածելի (օտարական) մարդ՝ օտարոտի սովորություններով, կրոնական թյուր հայացքներով, պաս չպահող

Ֆերշիլ- բուժեղբայր

Ֆլի քիթ - փղի քիթ

Ֆշֆշ- ուժեղ ճնշման տակ հեղուկի դուրս վազելիս ֆը՜շշ ձայն հանել: Օձի ֆը՜շշ ձայն հանելը, սուլելը:

Ֆող- հող

Ֆռանկ - կաթոլիկ հայ, որին հասարակ ժողովուրդը մասամբ օտար էր համարում հայությունից և նրան հակադրում էր «հայ» բառը: Ֆրանսիացիների անվանումը Արևելքի երկրներում:

Ֆռլամիշ-կլոր-կլոր պտույտներ անել, ինքն իր վրա պտույտ գալ

Ֆուխարա (fukara)-աղքատ, չքավոր:

 

 Հավելված 2.

 

Ազղուն շուն կուտամ տըն՝ աղօթած էշ կուզիմ կը քենէ:

Այ ֆողը լոպպազ ուսումնականը:

Անպէս մեօխկեամըմ կպնիս օր, թորի կպռէ կարասը մէմ պրծնիս:

Աշխարքը նարտիվան է, մէկը՝ կելլէ, մէկալը կիջնի կը:

Աչքիս աշէ, ջանմ, ծործակս քէրիմ՝ տեղը կը բէրիմ:

Ասված փրկէ, տէրն ազատէ:

Գրող պիտի էնէ ու քուկ ա իտա բկիդ դնէ:

Դուն քէֆիդ աշէ, ջանըմ:

Դուք ա քուրդ էք գտիր ու քթին մտնիք կը:

Եամանուս փանչեն բիլա չաժենան:

Եանի արևուս խէրը չտեսնիմ:

Եանի միննաթդ չաժէ:

Եանի սուտը՝ սատանայ է:

Եօթվէրք

Էնոր պորտը տեղը գրնի կը:

Թղթին ձեռք քաշել:

Թորգ էթամ ջուրն թալիմ ինձիկ ու հոգիս ազատիմ:

Թորի ոտներդ արնվլիկ չէնիմ, ազատութեն տւողը չիմ քեզի:

Ինձի ղապուլ է

Ինչ իս ղոլթուղ մտիր

Ինքը չկա թիզ ու կես, արարմունքն է գազ ու կես:

Լեզւիս վրայ է թերմաշը:

Լուսը գրկէ ու պառկի:

Խաչը

Կանանչ մեռոն

Կաշի քելեցնիմ կը, կաշի:

Կենայ շունը տաշտը պիտի կապեինք:

Կնկայ բան, մազն էրկան՝ խելքը կարճ:

Հայ ձիր բերածը գլխնուդ խռով էղնի:

Հապլաթ, հացդ հազիր, պանիրն ա վրան:

Հոգիս բիրանս ին հասցուցիր:

Հոգիս հոգոց չխառնւի թը

Մամի գռօշնիր:

Մարդը քեզնէն՝ ղազան ինձմէն:

Մարդու հաւի պէս փետրին կը:

Մեզի հալղի ոտաց չտանիս:

Մեղա քեզ, Տէր Ստեղծող թագաւոր, դու ալ բէթարէն ազատիս:

Մեր խէրն ա խիար դարձաւ:

Միսը՝ քեզի, օցկոռն՝ ընձի:

Մկուչիս օմրը փչանայ

Յենթին երթաս:

Ոտքիդ մեռնիմ:

Չինք ցանիր հմմը ճնճղուկի պէս ա ապրինք կը:

Սաղ թիւնկիմ թթի րախի չորցնէինք կը:

Սատանի տղոցկան կոխկռտել:

Սար ու ձոր ոտներիդ տակը չուրութմիշ էնիս:

Օտնէրիտի մեռնեմ:

Օրհնեալ է փայտն, որով լինի արդարութիւն:

Ֆռանկի «հրեշտակամորթ»:

 

Հավելված 3.

Այ ֆողը մարդը:

Այ ֆողս:

Անանկաջ լակոտ:

Անպիտան Սաթուկեցի:

Ապրիս ձագս:

Ապուռսըզ:

Առսզ փիրսզ լակոտներ:

Ատիան հանիմ կը:

Արև մեռած:

Ափրմիշ էղաք:

Բեմուրատ ճաճար ամի:

Բոբոլական կրակ:

Գետին մտած:

Գետինը չմտած:

Գրողի ոտներուն մեռնիս պիլաքիմ:

Զահր ու զխում ձեզի:

Թավրեզու աղվես:

Լափստրակի սֆաթ:

Լիրբ անզգամ:

Լիրբ անպիտան:

Ծո ղուրպանս:

Ծօ բե հարսաթ բե մուրատներ:

Ծօ, լակոտներ:

Ծօ հարամզատէք:

Ծօ ցամաք ձորի առջ:

Ծօ օձ խուզող:

Ծօ օչխրի քեոփակ:

Կախեթու աղվես:

Հայվնի միս ուտող:

Հարամզատա:

Հարամ ուտիս դուն պիլաքիմ:

Հերիք ճօշմիշ էղնիք:

Հիմի գելլիմ քիթ ու մռութդ դիւզմիշ կենիմ կը:

Ձիր գլոխը բիլաքիմ թաղիմ:

Ղիամատ մեյմունի:

Ճանճի կապիտան:

Մեռած արև:

Մկի կռծած գլմանիս:

Մսերդ օցկռնէրէդ իք էղնի, ջոկւի:

Մտնիս թումպանս:

Նզովից արմատ:

Շան զուռիաթ:

Չոռլամիշ էղնիք:

Սատանի լակոտ:

Սատանի կրունկ:

Տէ՜, հէրիք զռռաս, չքւիր տեղդ նստիր:

Փուչ արև:

Փուչ կենդանի:

Փուչ փչանալու:

Քեաչա սասլի:

Քիւլհնի Փօստօ:

Օրթունք կուտիս կը:

 

Գրականության ցանկ:

  1. Աբաս: Թատրերգութիւն չորս արարուածով: Գործ Կարապետի Յովհանջանեանց, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1888, 64 էջ:
  2. Աբաս: Թատրերգութիւն չորս արարուածով: Գործ Կարապետի Յովհանջանեանց, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1920, 66 էջ:
  3. Աղայան Է.Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., «Հայաստան» հրատարակչություն, 1976, 1615 էջ:
  4. Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հտ. Ա-Դ, Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971-1979:
  5. Աշըգ Ջիւանու երգերը: Ա. Աղէքսանդրապօլ, Գ.Սանոյեանցի տպարանում, 1882, 153 էջ:
  6. Բեդիրյան Պ.Ս., Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Եր., ԵՊՀ հրատ., 2011, 1408 էջ:
  7. Գիրք աղօթից որ կոչի Կիպրիանոս: Վասն ամենայն ազգ պատահարաց որք գան ի վերայ մարդոյ, Կ.Պօլիս, Տպագր. Ռ.Յ.Քիւրքճեան, 1872, 168 էջ:
  8. Լամագ, Նշմարներ: Առաջին պրակ, Մոսկուա, Տպարան Ք.Բարխուդարեանցի, 1903, 47 էջ:
  9. Կոմիտաս, Երկերի ժողովածու, առաջին հատոր: Մեներգեր, Եր., Հայպետհրատ, 1960, 192 էջ:
  10. Կրպէ, Կարս քաղաք, Մոսկուա, Տպարան Ք. Բարխուդարեանի, 1893, 135 էջ:
  11. Կրպէ, Պատկերներ կեանքից, Ա. Ալէքսանդրապօլ, Տպարան Գէորգ Ս.Սանոյեանցի, 1893, 85 էջ:
  12. Կրպէ, Պատկերներ եւ պատմուածքներ: Հատոր Ա. Նոր Նախիջեւան, Տպարան Սերովբէ Աւագեանցի, 1905, 170 էջ:
  13. Հայերէն բացատրական բառարան: Կազմեց Ստ. Մալխասեանց, հտ. Ա-Դ, Եր., Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն, 1944-1945:
  14. Հայոց լեզվի բարբառային բառարան, հտ. Ա-Զ, Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2001-2010:
  15. Մ. Կարագաշեանի ձայն Ռուսիայից: Եւ մատնեցին, եւ աքսորեցին, Նոր-Նախիջեւան, Տպարան Ս.Յ. Աւագեանցի, 1907, 93 էջ:
  16. Շահազիզ Ե., Նոր Նախիջեւանի ուսումնարանական գործի անցեալը, Նոր Նախիջեւան, Տպարան Ա.Զամինեանի եւ Վահան Քիրլեանի, 1894, 62 էջ:
  17. Պարսամյան Վ., Առաջին ժանդարմական գործը Ալեքսանդրապոլում, Եր., Գիտհրատի տպարան, 1936, 160 էջ:
  18. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան. Գիրք ԻԵ.: Կարսի փոխանորդութիւն, Ս.Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւն, 2022, 504 էջ:
  19. Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ: Շարադրութիւն Խաչատուր Աբովեանի, Թիֆլիզ, ի Տպարանի Ներսիսեան Դպրոցի Հայոց ընծայեցելոյ յազնուական Աղայ Գէորգայ Արծրունւոյ, 1858, 275 էջ:
  20. Քէօմիւրճեան Ե., Ստամպօլոյ պատմութիւն, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1913, ԼԴ, 412 էջ:
  21. Քնար Հայկական: Խմբագրեց Մ.Մ.Միանսարեանց, Ս.Պետերբուրգ, въ типографiи О.И.Бакста, 1868:
  22. «Ախուրեան», N34, 1912, Ալէքսանդրապօլ, էջ 2-3:
  23. «Ախուրեան», N35, 1912, Ալէքսանդրապօլ, էջ 2-3:
  24. «Ախուրեան», N36, 1912, Ալէքսանդրապօլ, էջ 2-3:
  25. «Ախուրեան», N37, 1912, Ալէքսանդրապօլ, էջ 2-4:
  26. «Արարատ», թիւ Է, 1881, Վաղարշապատ, էջ 332:
  27. «Արարատ», 1907, համար Զ, Վաղարշապատ, էջ 501:
  28. «Յոյս», 1906, N11, Թիֆլիս, էջ 168:
  29. «Նոր կեանք», 1906, N15, Նոր Նախիջեւան, էջ 175:
  30. Юсипова Р.Р. Турецко-русский словарь. М., Рус. яз.- Медиа, 2005, X, 694с.